Արդարադատության նախարարությունը խստորեն հետևում է երեխաների անձնական տվյալների պաշտպանությանը
ОбществоԵրեխաների անձնական տվյալների պաշտպանությունը խիստ կարևոր ու արդիական խնդիր է: Արմենպրեսի հաղորդմամբ՝ «Երեխայի անձնական տվյալների պաշտպանությունը» խորագրով քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանը։
«Երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը փորձում ենք դարձնել մեր գործակալության գերակայություններից մեկը։ Պրակտիկ վերլուծությունների արդյունքում անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հրապարակեց Երեխաների անձնական տվյալների պաշտպանության ուղեցույցը, որում կա նաև ուսումնական հաստատություններում երեխաների անձնական տվյալների պաշտպանությանը նվիրված բաժին։ Այն ներառում է պրակտիկ խորհուրդներ ուսումնական հաստատություններին, թե ինչպես պետք է ապահովվի տվյալների պաշտպանվածությունը, ինչպիսի ռիսկեր են պարունակում»,- ասաց Հայրապետյանը։
ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հարուցել է 11 վարչական վարույթ տարբեր թեմաներով, օրինակ՝ դպրոցներում տեսանկարահանման և տեսահսկման կարգի վերաբերյալ։ Այն դպրոցներում, որտեղ դասարաններում նույնպես տեղադրված են տեսախցիկներ, դրանք անջատված են լինում, երբ երեխաներ կան ներսում։ Միացվում են միայն այն պարագայում, երբ արդեն դպրոցից երեխաները հեռացել են՝ գողություններից կամ նմանատիպ երևույթներից խուսափելու համար։
Հայրապետյանն ընդգծեց, որ ուղեցույցում կա մի բաժին, որտեղ նշվում է, թե ինչպես պետք է զանգվածային լրատվամիջոցները հրապարակեն երեխաների անձնական տվյալները։
Լրատվամիջոցների առաքելությունը ամրագրող և լրագրողների գործունեությունը կարգավորող միջազգային փաստաթղթերը նույնպես անդրադառնում են երեխաների անձնական տվյալների հրապարակմանը։ Երեխաների անձնական տվյալների հրապարակման ցանկացած դեպքում լրատվամիջոցը (լրագրողը) պետք է զգուշավորություն ցուցաբերի երեխային չվնասելու համար։ Երեխաները ավելի խոցելի են, քանի որ ամբողջությամբ չեն գիտակցում իրենց անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը։
«Զանգվածային լրատվության միջոցներն առանց երեխայի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության երեխաների անձնական տվյալները կարող են հրապարակել, եթե հրապարակումը պայմանավորված է հանրային շահերի կամ երեխայի լավագույն շահի պաշտպանության անհրաժեշտությամբ և, եթե ապանձնավորված կերպով հնարավոր չէ հասնել այդ նպատակին»,- հավելեց մասնագետը։