Ֆրանսիայի հայերն Ալիեւին դիմավորել են բողոքի ակցիաներով
ОбществоNews.am-ը գրում է.
Ֆրանսիայի հայերը մարտի 14–ին երեկոյան երեք խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ են հրավիրել՝ իրենց բողոքը հայտնելով Ադրբեջանի նախագահի այցի հետ կապված։
NEWS.am–ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը հայտնեց, որ ցույցեր են կազմակերպվել Փարիզում, Լիոնում եւ Մարսելում։
«Մեր ցույցերի նպատակն էր եւս մեկ անգամ ամրապնդել տեսակետը, որ Ղարաբաղյան հարցն ունի միայն խաղաղ կարգավորման ճանապարհ, իսկ պատերազմ հրահրում է Ադրբեջանը։ Բացի դրանից, այս ցույցերով մենք վերահաստատում էինք, որ Սփյուռքը Արցախի ու արցախահայության կողքին է։ Միեւնույն ժամանակ մենք Ֆրանսիային եւ ֆրանսիացիներին հիշեցնում էինք, թե ինչքան բռնապետական է Ադրբեջանը»,– ասաց Մուրադ Փափազյանը։
Նշենք, որ մարտի 14–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հիշեցնենք՝ անցած շաբաթ Ֆրանսիա էր այցելել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել էր նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: