Եթե հնարավորություն տաք, որ ընտրություններում ստանանք 50+1 ձայները, ապա համակարգ էլ կփոխենք, օրենք էլ կփոխենք, ներդրում էլ կանենք. Գ. Ծառուկյան
ОбществоԱյսօր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եղավ ընդդիմադիր Գյումրի քաղաքում: Նրան դիմավորում էին բազմահազար քաղաքացիներ: Թատրոնի դիմացի հրապարակը լեփ-լեցուն էր: Ելույթի ժամանակ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Եթե հնարավորություն տաք, որ ընտրություններում ստանանք 50+1 ձայները, ապա համակարգ էլ կփոխենք, օրենք էլ կփոխենք, ներդրում էլ կանենք, աշխատատեղ էլ կստեղծենք: Մեր 15 կետերը անձամբ ես եմ գրել ու առաջին իսկ ամսում բոլոր 15 կետերը կյանքի կկոչենք»,- հայտարարեց նա:

Նա ասաց նաև, որ տեղյակ է տեղի խնդիրներից, այն ծանր վիճակից, որում մարդիկ ապրում են. «Այսօր ամեն տնից 2-3 հոգի վարկի տակ են, Հայաստանի 650 հազար ընտանիքների երկու-երեք անդամները վարկառու են: Ես ցավն էլ գիտեմ, դարդն էլ, ցանկություն էլ ունեմ երկիր, օրենք ու համակարգ փոխելու: Այսօր ձեզ ասում եմ` այնպիսի ուժի տվեք ձեր ձայնը, որ ունակ է այս ամենը անել»,- ասաց նա` ավելացնելով, որ վարկերը պետք է լինեն 2-5 տոկոս, պետք է առողջացման ծրագիր լինի:
«Համաշխարհային բանկից 0 տոկոսով բերվել են գումարներ, բայց ո՞վ է դրանցից օգտվել, ոչ մեկը: Դրա համար համապատասխան մարդիկ պետք է պատասխան տան, այդ գումարներն էլ ետ վերադարձվեն ու ուղղվեն փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, ներդրումներին ու նոր աշխատատեղերի ստեղծմանը, քանզի բարեգործությամբ երկիր չես պահի»,- հայտարարեց նա:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են բոլոր ոլորտները` սոցիալական, կրթական, տնտեսական և այդ բոլոր ոլորտների խնդիրներին քաջ ծանոթ են ու լուծումներն առաջարկում են: Ըստ այդմ, նա կարևորեց տնտեսական աճը երկրում, քանի որ դրանից առաջնային կախված է ժողովրդի բարեկեցությունը. «Տնտեսական աճի ամեն 1 տոկոսը բյուջե է բերում 21 մլրդ, պատերացնո՞ւմ եք երկնիշ տնտեսական աճի դեպքում ինչ գումարներ կուղղվեն թոշակներին, աշխատավարձերին, մարզերի զարգացմանն ու մարդկանց կյանքի փոփոխմանը: Այսօր մեր ժողովուրդը ամեն օր մտածում է, թե ինչպես օրը մթնացնի, ինչպես երեխային կերակրի ու ինչպես կոմունալ վարձերը վճարի, այլ ոչ թե մտածում է տարվա կտրվածքով: Ուստի ճիշտ ընտրություն է պետք անել, որպեսզի առաջիկա հինգ տարիներին իրավիճակ երկրում փոխվի»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան