ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն
ОбществоՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 15-ին ընդունեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում սիրիահայ փախստականների ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված ծրագրի ղեկավար Մոնիկա Կարկոն ու միջազգային փորձագետ Սոմայա Մոլլը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կազմակերպության նախաձեռնությունները, սիրիահայերի ինտեգրմանն ու ձեռնարկատիրական գործունեության խթանմանն ուղղված ծրագրերը: Նա մասնավորապես նշեց. «Այսօր ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծենք սիրիահայերի համար, աշխատանքի տեղավորման խնդիրն է: Շնորհակալ եմ, որ դուք այդ խնդրի շուրջ համախմբում եք բոլոր երկրների կառույցներին ու կազմակերպություններին, հրավիրում եք նրանց ուշադրությունը:
Ուրախ եմ, որ կա հստակ մոտեցում տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ: Պետք է գտնենք կառույցներ ու կազմակերպություններ, որոնք պատրաստ են աջակցություն ցուցաբերել այդ խնդիրների լուծմանը, հիմնադրամ ստեղծել, որին կմասնակցի նաև Սփյուռքը: Սիրիահայերը Հայաստան են բերել նոր բիզնես մշակույթ: Նրանք հարյուրից ավելի բիզնես ծրագրեր են ներկայացրել, որոնք պետք է կյանքի կոչել»:
Նախարարը ներկայացրեց սիրիահայերի հետ տարվող աշխատանքի առանձնահատկությունները, փորձը և արդյունքները, անդրադարձավ նաև սիրիահայերի ինտեգրացիայի, զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման և բնակարանային խնդիրներին:
Մոնիկա Կարկոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա մանրամասն ներկայացրեց Հայաստանում սիրիահայ փախստականների ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված ծրագրային առաջարկը, պատրաստակամություն հայտնեց սերտորեն համագործակցել նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության հետ: