Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված հավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի արդարադատության նախարարության շենք
ОбществоԱզատության հրապարակում մեկնարկել է անցած տարվա հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը գրաված զինված խմբին հաց տարած Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված հավաքը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հավաքի կազմակերպիչ Շահեն Հարությունյանը հավաքվածներին հայտնեց, որ հավաք կազմակերպելու մասին որոշումն ավելի վաղ էր կայացվել և դրան պետք է մասնակցեր նաև Արթուր Սարգսյանը, սակայն նա մարտի 16-ին մահացել է:
Հավաքի մասնակիցները որոշում կայացրեցին Ազատության հրապարակից երթով շարժվել ՀՀ արդարադատության նախարարություն: Երթի մեկնարկին թեթև միջադեպ գրանցվեց ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև, քանի որ նրանք փակել էին Թումանյան փողոցի երթևեկելի հատվածը, ինչի պատճառով խցանում էր առաջացել: Ոստիկանները պահանջում էին ազատել երթևեկելի գոտին և շարունակել երթը, սակայն հավաքի որոշ մասնակիցներ չէին ենթարկվում ոստիկանների պահանջին:
Ի վերջո մի քանի րոպե տևած քաշքշուկից հետո ոստիկանության հաջողվեց ազատել ճանապարհի երթևեկելի հատվածը, իսկ հավաքի մասնակիցները շարունակում են երթը: Երթի մասնակիցներն այժմ Մաշտոցի պողոտայով շարժվում են դեպի արդարադատության նախարարություն:
2016 թվականի հուլիսի 26-ին առավոտյան 07:00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել է Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը շրջապատած ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել այն գրաված և այդ պահին այնտեղ 10 օր գտնվող զինված խմբի անդամներին։ 2016 թվականի հուլիսի 31-ին զինված խմբի կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):
Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի (հայտնի է «Հաց բերողը» մականվամբ) մեղադրանքը և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։ 2016 թվականի դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանը ազատվեց կալանքից, իսկ 2017 թվականի փետրվարի 9-ին կրկին ձերբակալվեց։ Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ: Մարտի 16-ին Արթուր Սարգսյանը մահացել է: