Տարածաշրջանում նկատվում է ավելորդ քաշով և ճարպակալմամբ պայմանավորված հիվանդությունների աճ
ОбществоՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն՝ հարավկովկասյան տարածաշրջանում նկատվում է ավելորդ քաշով և ճարպակալմամբ պայմանավորված հիվանդությունների աճ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` զեկույցը ուշադրությունը կենտրոնացնում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների վրա. առաջացող խնդիրների հիմնական պատճառը ոչ միայն թերսնուցումն է, այլև գերսնուցումն ու գերաճը: Նշված տարածաշրջաններում բնակչության 70 տոկոսը տառապում է ոչ բավարար սնուցումից: Զեկույցում նշվում է, որ ներկայումս անցում է կատարվում թերսնուցումից և սննդակարգում սննդարար միկրոտարրերի բացակայությունից դեգեներատիվ հիվանդությունների, որոնք պայմանավորված են ճարպերի, շաքարի, մսամթերքի, կաթնամթերքի և վերամշակված մթերքի չափազանց շատ օգտագործմամբ: Ներկայումս Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բնակիչների 13 տոկոսը բնակվում է այնպիսի երկրներում, որտեղ առկա է թերսնուցում, միկրոտարրերի դեֆիցիտ և գերսնուցում: Նշվում է, որ Հայաստանում թերսնուցումը գերակա խնդիր է:
«Սակայն վերջին՝ 25 տարվա ընթացքում իրավիճակը բավականին լավացել է՝ 15 տոկոսից հասնելով 5 տոկոսի: Դա չի նշանակում, որ անելիքներ չկան: Անելիքներ շատ կան: Հայաստանում աղքատությունը նույնպես մեծ խնդիր է: Կան սովի հաղթահարման հարցեր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն:
Կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքներում ապրող երեխաների մոտ նկատվում է 17 տոկոս գերաճ: Հանդիպմանը ներկա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ մի շարք ծրագրեր են իրականացվում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ: Նախարարության ՊՈԱԿ-ներից մեկի տարածքում տնկարան է հիմնվել, որտեղ ՀՀ-ին ոչ հատուկ խաղողի վազեր են տնկվել: Երկրորդ ծրագրով ձկնաբուծարաններից մեկում ջրախնայող համակարգ է տեղադրվել և ուսումնասիրվում է դրա արդյունավետությունը, ինչպես նաև ազդեցությունը ձկա ն որակի վրա: Մյուս ծրագիրը վերաբերում է սննդի որակին, այսինքն՝ բալանսավորված և վիտամինացված սննդի արտադրությունը գյուղատնտեսական ճյուղում:
Նախարարը մեծապես կարևորեց սննդամթերքի անվտանգության և որակի բարելավման, հավասարակշռված և վիտամիններով հարուստ սննդի արտադրությունը գյուղատնտեսության ոլորտում:
«Մենք այս ոլորտում այսօր շատ խնդիրներ ունենք, և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ քայլ առ քայլ խստացնելու ենք պահանջները: Մեր հետագա ծրագրերն ուղղված են լինելու գյուղմթերքի և գյուղատնտեսական արտադրանքի որակի բարելավմանը», - ասաց Իգնատի Առաքելյանը: