Ուսուցչի օգնականի հաստիքը հաջողությամբ ներդրվում է. հաջորդը Լոռու մարզն է
ОбществоՈւսուցչի օգնականի հաստիք ունենալու Տավուշի մարզի փորձը տեղական և միջազգային մասնագետները գնահատել են դրական: Այս հաստիքը մինչև 2017 թվականի վերջը կներդրվի Լոռու մարզի դպրոցներում: Նախատեսվում է մինչ 2025 թվական այն ներդնել հանրապետության բոլոր դպրոցներում: Այս մասին «Արմենպրես »-ի հետ զրույցում ասաց Հ Հ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը:
«Ուսուցչի օգնականի հաստիքի ներդրումը պետք է նպաստի համընդհանուր ներառման անցմանը: Կա երեխայի խնդիրների արձագանքման եռաստիճան համակարգ: Առաջին մակարդակը՝ դպրոցի մակարդական է, որն իրականացվում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների միջոցով: Նրանց թիվը որոշվելու է տվյալ դպրոցում սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հարաբերությամբ: Այդ աջակցության թիմի անդամ է ուսուցչի օգնականը: Ուսուցչի օգնականի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մանկավարժական կրթություն կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տար վա մանկավարժական աշխատանքային ստաժ: Հաստիքի համար այս պահին որևէ մասնագիտացում չի պահանջվում: Կառավարության փորձնական ծրագրերի շրջանակներում այս հաստիքը ներդրվել է Տավուշի մարզում 2011 թվականից: Տավուշի մարզի փորձը միջազգային և տեղական կառույցների գնահատմամբ՝ որակվել է դրական, և 2014-ին Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն է տեղի ունեցել: Համաձայն կառավարության սահմանած ժամանակացույցի ՝ մենք այժմ մարզ-մարզ անցնում ենք համընդհանուր ներառմանը: Ներկայում Սյունիքի և Տավուշի մարզի բոլոր դպրոցներն ունեն ուսուցչի օգնականի հաստիք»,-ասաց Անահիտ Մուրադյանը:
Ներկայում Տավուշի մարզում կա ներառական կրթություն ստացող 310 երեխա: Ներառական կրթություն իրականացնում են բոլոր դպրոցներում: Մարզում ուսուցչի օգնականների թիվը կախված է յուրաքանչյուր դպրոցում առկա դասարանների քանակից:
«Մեր մարզում որպես ուսուցչի օգնականներ աշխատում են մանկավարժ-հոգեբանները: Այս հաստիքի ներդրումը դրական ազդեցություն ունեցավ: Ծնողների կողմից արձագանքները ևս դրական են: Ի սկզբանե ներառական կրթության գաղափարը միանշնակ չընդունվեց, ծնողները մտավախություն ունեին, խուսափում էին երեխաներին դուրս բերել, աշխատում էին տանն իրականացնել անհատական ուսուցման պլան: Բայց այս հաստիքի ներդրումն օգնեց ծնողներին համոզելու, որ իրենց երեխան ևս կարող է մյուսների հետ նստել նույն դասարանում և սովորել: Շրջապատի մյուս երեխաներն էլ արդեն սովորական ա չքով են նայում իրենց կողքին խնդիրներ ունեցող երեխաներին»,-ասաց Տավուշի մարզպետարանի կրթության վարչության առաջատար մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ու հավելեց, որ ուսուցչի օգնականն իրավունք ունի նստելու դասին և ուսուցչի հետ զուգահեռ օգնելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին: Բացի այդ, նրանք աջակցում են նաև դասապրոցեսից դուրս` դասերը պատրաստելուն:
Կառավորության 2017 թվականի փետրվարի 16-ի որոշման համաձայն`ՀՀ կառավարությունը օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումից բացի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար հատկացնում է լրացուցիչ ֆինանասական միջոցներ: Ըստ որի՝ տրամադրվում է ուսուցչի օգնականի տարեկան աշխատավարձի ֆոնդ: 15 երեխայի համար սահմանվում է 1 ուսուցչի օգնականի դրույք, ընդ որում, դպրոցում երեխաների թիվը 7 և 7-ից պակաս լինելու դեպքում հաշվար կվում է 0,5 դրույք, իսկ 15-ից ավելի յուրաքանչյուր մինչև 7 երեխայի համար ավելացվում է ևս 0,5 դրույք: Ուսուցչի օգնականի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է մանկավարժների միջին ամսական հաշվարկային աշխատավարձի 80 տոկոսի չափով: Ուսուցչի օգնականը աջակցելու է բացահայտել հատուկ կարիքներ ունեցող երեխաներին և հետագայում օգնելու է ուսուցչին կազմակերպել այդ երեխաների կրթությունը:
Աննա Գրիգորյան