Թուրքիան միջոցների մեջ խտրականություն չի դնի իր նպատակներին հասնելու համար. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը
– Թուրքիան մասամբ արգելափակել է ՆԱՏՕ–ի անդամ երկրների հետ համագործակցությունը` թուրք–եվրոպական լարվածության ֆոնին: Կարելի՞ է սա քաղաքական շանտաժ համարել Թուրքիայի կողմից:
– Իհարկե: Կոնֆլիկտի պատճառները շատ ավելի խորն են: Այն պետք է Էրդողանին` ուշադրությունը առաջիկա սահմանադրական հանրաքվեից շեղելու համար: Այդ հանրաքվեով ընդունվելիք Սահմանադրությունը խայտառակություն է, ստեղծվում է սուպերնախագահական հանրապետություն, որտեղ լիովին խախտվում է իշխանության թևերի հավասարակշռությունների ու զսպումների մեխանիզմը: Այդ Սահմանադրությամբ Էրդողանն իր հագով կոստյում է կարում: Ուստի ներքին դժգոհությունների սլաքը դեպի դուրս վերակողմնորոշելու համար, ձևավորում է հիստերիկ մթնոլորտ և թշնամու կերպար` հանձինս Եվրոպայի, ընդսմին փորձելով այդ հիստերիայի ալիքում երևալ որպես ալֆա–որձ: Դա նույն այն տեխնոլոգիան է, որը կիրառել և կիրառում է Պուտինը Ռուսաստանում, Ալիևը` Ադրբեջանում և մնացած ավտորիտար առաջնորդները եվրասիական պետություններում:
– Թուրքիան սառեցրել է դիվանագիտական հարաբերությունները Նիդեռլանդների հետ: Քաղաքական այս դեմարշը ԵՄ դեմ երկա՞ր կշարունակվի:
– Համենայնդեպս մինչև հանրաքվեն հաստատ կշարունակվի: Իսկ հետո կգա հետևանքները վերացնելու ժամանակաշրջանը: Բայց կարծում եմ` այս ընթացքում չափից շատ կամուրջներ են այրվել: Երկրորդ, Էրդողանի անձն ուղղակի մերժելի է դառնում եվրոպական հասարակական կարծիքի համար բոլոր առումներով: Այն ծանր մեղադրանքները, որոնք Էրդողանն ուղղում է եվրոպական երկրներին հատկապես կապված ֆաշիզմի ու նացիզմի հետ, բացահայտ ցույց են տալիս այդ մարդու պարզ, կենցաղային տգիտությունը: Եթե խոսենք ֆաշիզմից, Թուրքիան է եղել ֆաշիզմի կարևորագույն դաշնակիցներից մեկը: Եվ Էրդողանը պարզապես չի գիտակցում, որ այդ մեղադրանքներն ուղղակի վերահասցեագրվելու են հենց իրեն: Դրա հետևանքները նա դեռ կտեսնի:
– Թուրքիան որքա՞ն հեռուն կարող է գնալ: Կա՞ կարմիր գիծ:
– Կարմիր գիծն այն կետն է, որից հետո հետդարձ հնարավոր չի լինի: Ուստի Էրդողանն այն չի անցնի: Բայց խնդիրն այլ է: Այն, ինչ Էրդողանին թվում է, որ կարմիր գիծ չէ և կարելի է անել, Եվրոպայի համար արդեն իսկ կարմիր գիծ է:
– Բայց այդ ամենով հանդերձ, օրինակ, Գերմանիայի կանցլերը հայտարարեց, որ Թուրքիան իրենց համար կարևոր գործընկեր է և նրա հետ հարաբերություններ պետք չէ փչացնել:
– Իհարկե, Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է: Այնտեղ առկա են ՆԱՏՕ–ի լրջագույն ենթակառուցվածքներ: Այդ երկիրը սահմանակից է Մերձավոր Արևելքի ճգնաժամային գոտուն: Այո, Թուրքիան մնում է կարևոր դաշնակից: Բայց եթե մինչ այդ Թուրքիան դաշնակից լինելով ինչ–ինչ հարցեր էր լուծում, ապա այսօր Թուրքիան ինքն է վերածվել լուրջ հարցի:
– Հանրաքվեի ավարտից հետո Թուրքիան ի՞նչ գին է ստիպված լինելու վճարել, որպեսզի ԵՄ–Թուրքիա հարաբերությունները վերադառնան նախկին կետին:
– Ինչպես հիմա Էրդողանը ոչինչ չի խնայում, որպեսզի հանրաքվեն լինի իր ուզածով, այն ժամանակ էլ ոչինչ չի խնայի, որ այդ հանրաքվեն մարսվի: Եվ դրա համար նա կարող է անել ամեն ինչ: Լեզուն այն օրգանն է, որը ոսկոր չունի: Եվ կասի ամեն հնարավոր բան` սկսած նրանից, որ այդ ամենը թյուրիմացություն էր և այլն, և այլն: Բայց դա կլինի միայն այն դեպքում, եթե հանրաքվեն ավարտվի Էրդողանի համար ցանկալի արդյունքով: Սակայն կան լուրջ խնդիրներ: Քրդերը դեմ են, սոցիալիստները դեմ են, քեմալիստները դեմ են, ազգայնականների մի մասը դեմ է: Բիզնեսը դեմ է: Ինտելեկտուալների զգալի մասը դեմ է: Մի խոսքով, ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա:
– Իսկ Եվրոպայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիան կարո՞ղ է խաղարկել ռուս–թուրքական մերձեցման գործոնը:
– Չկա այնպիսի միջոց, որից Թուրքիան կխորշի` հանուն իր նպատակներին հասնելու:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: