Մասնագետի կարծիքով՝ բիզնեսին հարկային արտոնություններ տալը չպետք է լինի ինքնանպատակ
ОбществоԵրեւանի պետհամալսարանի կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը, ով մասնակցում էր մի խումբ տնտեսագետների մասնակցությամբ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կազմակերպած քննարկմանը նախընտրական ծրագրերում տնտեսական դրույթների վերաբերյալ, կարծում է, որ այն քաղաքական ուժը, որն այսօր անընդհատ խոսում է հարկային արտոնությունների մասին, պարզապես փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել:
«Իրականում բիզնեսին հարկային արտոնություններ տալը պետք է ինքնանպատակ չլինի եւ ոչ էլ ընտրություններից առաջ ընտրողին, գործարարին ականջահաճո հայտարարութուն, այլ պետք է հիմնավորված լինի: Երբ խոսում ենք հարկային արտոնությունների մասին, պետք է հասկանալ, որ լիարժեքորեն հարկերից ազատելը տնտեսագիտական բոլոր կանոններով անթույլատրելի է, որովհետեւ մենք հարկատուին դարձնում ենք, չակերտավոր ասած, ձրիակեր, որ որեւէ կերպ նա չի մասնակցելու պետության զարգացման գործընթացին: Մինչդեռ հարկման գաղափարը ողջ աշխարհում էլ իրենից ենթադրում է այն, որ շատ ունեցող մարդը պետք է մեծ մասնակցություն ունենա հանրային կյանքի ֆինանսավորմանը, իսկ քիչ ունեցողը՝ քիչ, բայց ոչ թե ընդհանրապես չունենա»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց մասնագետը:
Նրա խոսքով՝ հարկային արտոնություններին առնչվող նմանատիպ հայտարարություններով ընտրողին գցում են մոլորության մեջ:
«Ճիշտ է, փոքր բիզնեսի ներկայացուցչի համար հաճելի է լսել, որ 3, 5 տարով կամ ընդմիշտ է ազատվելու հարկերից, բայց տնտեսական գործընթացներում հարկման արդարության սկզբունքի տեսանկյունից սա անթույլատելի եմ համարում»,-ընդգծեց Կառլեն Խաչատրյանը՝ նշելով, որ որպես ընտրող չի առաջնորդվելու այն հանգամանքով, թե որ կուսակցությունն է իր ծրագրում ավելի շատ տեղ տալիս հարկային արտոնություններին:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2–ին, իսկ ընդգրկված 9 քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավը սկսեցին մարտի 5–ից: