Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում Հայաստանում պետք է իրականացնել բազմոլորտ աջակցություն
ОбществоՄիջազգային փորձագետների կարծիքով՝ ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) դեմ պայքարում Հայաստանում պետք է իրականացնել բազմոլորտ աջակցություն: Արմենպրեսի հաղորդմամբ՝ այս տեսակետը հայտնեցին մարտի 20-ին մեկնարկած Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպված «Ոչ վարակիչ հիվանդ ությունների կանխարգելումն ու հսկողությունը Հայաստանում» խորագրով կլոր սեղան-քննարկման փորձագետները: Քննարկմանը մասնակցեցին կառավարության, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ:
«Այս միջոցառման նպատակը ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին նոր թափ հաղորդելն ու այդ ուղղությամբ ավելի ակտիվ համագործակցությունն է: Նախկինում սկսված ծրագրերը շարունակականություն են ունենալու՝ նոր ծրագրերի կողքին: Կասկած չկա, որ լավ արդյունքների ենք հասնելու»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և հավելեց, որ այդ հիվանդություններից հիվանդացության ու մահացության նվազման տեմպը վերջին հինգ տարիներին Հայաստանում ակնհայտորեն ավելի բարձր է 20 տարի առաջվա համեմատ:
Իր բացման խոսքում ԱՀԿ ներկայացուցիչը Եգոր Զայցևն ասաց՝ սերտ միջոլորտային համագործակցությունը ՈՎՀ հսկողության ոլորտում շոշափելի արդյունքների հասնելու լավագույն գրավականն է. «Օրինակ, եթե ցանկանում ենք հաղթահարել Հայաստանում այնպիսի կարևոր ՈՎՀ ռիսկերի գործոն, ինչպիսին է ծխախոտի օգտագործումը, բացի առողջապահության նախարարությունից պետք է սերտորեն աշխատենք նաև այլ կառավարական մարմինների, այդ թվում՝ էկոնոմիկայի, ֆինանսների, կրթության նախարարությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ»:
Միջազգային փորձագետները մասնակիցների ուշադրությանը ներկայացրին «ՈՎՀ ելքերի բարելավում. Հայաստանի առողջապահական համակարգի մարտահրավերները և հնարավորությունները» զեկույցը և ԱՀԿ-ի կողմից մշակված համաճարակաբանական հսկողության աստիճանական մոտեցման մեթոդաբանությամբ 2016-ին Հայաստանում իրականացված հետազոտության նախնական արդյունքները: Դրանց նպատակն է նպաստել Հայաստանում գերակա միջոցառումների իրականացմանը:
«Մենք երկար տարիներ բավականին մեծ աշխատանք ենք կատարել ՀՀ առողջապահության նախարարության հետ, մասնավորապես, ռազմավարական ծրագրերի մշակման, դրանց իրականացման առումով: Հայաստանը ոչ վարակիչ հիվանդությունների առումով բավական լավ վիճակում է գտնվում: Սիրտ-անոթային, քաղցկեղային և շաքարային դիաբետով հիվանդության մահացության ցուցանիշը Հայաստանում մինչև 68 տարեկանների շրջանում, ճիշտ է, ավելի բարձր է, քան Եվրամիության երկրներում, սակայն ավելի ցածր է, քան Ռուսաստանում, Բելառուսում: Ալկոհոլի օգտագործման առումով ևս Հայաստանը միջանկյալ դիրք է գրավում: Աշխատանքները բազմազան են, այդ պատճառով էլ անհրաժեշտ է բազմոլորտ մոտեցումը: Կան վարքագծեր բնակչության շրջանում, որոնք այլ ոլորտների պատասխանատվության տակ են: Օրինակ՝ ծխելու դեմ առողջապահության նախարարությունը շատ քիչ բան կարող է անել: Դրա համար մի շարք կարևոր գործողություններ են անհրաժեշտ՝ արտադրանքի գնի բարձրացում, լրացուցիչ հարկերի միջոցով զսպում, այդ ոլորտում գովազդի կառավարում,- ասաց ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ոչ վարակիչ հիվանդությունների և առողջ կյանքի ջատագովման բաժնի ղեկավար դոկտոր Գորդիոն Գալիանը:
Նրա խոսքով՝ իրենց առաջ դրված է նպատակ՝ մինչև 2030 թվականը 30 տոկոսով կրճատել վաղաժամ մահացությունը նշված հիվանդություններից: Հայաստանում վատագույն սցենարի դեպքում այդ կրճատումը կկազմի 20 տոկոս, լավագույնի դեպքում՝ 40 տոկոս: Փորձագետը հույս հայտնեց, որ նման միջոցառումների շնորհիվ կկարողանան ի մի բերել բոլոր շահերը, որպեսզի ցուցանիշը մոտ լինի 40 տոկոսին: