ՍԱՊԾ պետը Կանադայի դեսպանության ներկայացուցչի հետ քննարկել է արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր
ЭкономикаՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը մարտի 21-ին ընդունել է ՌԴ-ում և համատեղության կարգով ՀՀ-ում Կանադայի դեսպանության (նստավայրը՝ Մոսկվա) գյուղատնտեսական հարցերով խորհրդատու դոկտոր Լես Կումորին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև արտահանման ու ներկրման ընթացակարգերը, ինչպես նաև ԵԱՏՄ կարգավորումները սննդամթերքի անվանգության ոլորտում, մասնավորապես՝ կենդանական ծագման բեռների փոխադրման-տեղափոխման ժամանակ:
Կողմերն անդրադարձել են պարենային անվտանգության ապահովման ոլորտում հայ-կանադական համագործակցության ուղղություններին և այդ համատեքստում կարևորել այսօր Երևանում ստորագրվող՝ Հայաստանի և Կանադայի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հուշագիրը, որով փոխգործակցությունը զարգացնելու նոր հեռանկար կբացվի:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կանադացի գործընկերներին տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետությունում գործող կենդանական ծագման ապրանքների ներմուծմանը, ինչպես նաև կանադական ընկերությունների արտադրանքին ներկայացվող սերտիֆիկացման պահանջների վերաբերյալ: