«Քամի են անում, որ պաշտոնի մնան». Գագիկ Ծառուկյան
ОбществоԱյսօր Կապանում նախընտրական հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Բոլոր խնդիրները մենք գիտենք, բոլոր խնդիրներին տիրապետում ենք՝ ի տարբերություն այն մարդկանց, որ անգիր արած հայտարարություններ են անում ու հույս ունեն դրանով երկիր պահել ու կառուցել: Հայաստանում այսօր փոքր ու միջին բիզնեսը խայտառակ վիճակում է, ժողովրդի 60 տոկոսը փոքր ու միջին բիզնեսով է ապրում, բայց դրա կշիռը ընդամենը 1 տոկոս է կազմում: Եթե այսպես շարունակվի, ապա մեկ տարուց փոքր ու միջին բիզնեսի կշիռը բյուջեում կլինի 1 տոկոսից էլ ցածր»,- հայտարարեց նա:

Ծառուկյանը կապանցիներին հորդորեց չվախենալ ահաբեկող պաշտոնյաներից. «Ինձ համար կարևորը քաղաքացին է, իսկ մեր 15 կետերը հենց քաղաքացու խնդիրների լուծմանն են ուղղված»:
Անդրադառնալով Սյունիքի մարզին, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այն պետության սիրտն է. «Այստեղ է տեղակայված հանքարդյունաբերությունը: Թեև Հայաստանը գազ ու նավթ չունի, բայց մոլիբդեն ու պղինձ ունի: Մինչդեռ պղնձամոլիբդենային կոմբինատը, որը 25-30 տոկոս շահույթ է ապահովում, որևէ կերպ չի անդրադառնում մարզի բնակչության կյանքի որակի վրա»:

Ինչ վերաբերում է որակին, նա ընդգծեց, որ պետք է փոխվի. «Այդ իսկ պատճառով, 50+1 ձայն ստանալուց հետո, երբ կյանքի կկոչվեն «Ծառուկյան» դաշինքի առաջնահերթ 15 կետերը, հաջորդ ուշադրությունն ուղղվելու է մարզերի համաչափ զարգացմանը, ինչպես նաև «Գերշահույթի մասին» օրենքի ընդունմանը»:
Կապանում Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև նախընտրական կրքերին, որոնցից անմասն չի մնացել նաև Սյունիքը: Նա նշեց, որ այսօր մարդկանց ահաբեկում են, թե աշխատանքից կազատեն, եթե իրենց օգտին ընտրություն չկատարեն և հորդորեց. «Մարզպետը լինի, քաղաքապետը լինի, թե կոմբինատի տնօրենը` ոչ մեկին խաթր մի արեք ու մի վախեցեք, գնացեք ընտրության ըստ սեփական ցանկության ու որոշման, այլապես հաջորդ տարիներին ավելի վատ է լինելու: Նրանք բոլորը քամի են անում իրենց տեղը պահելու համար, իրենց գործին մնալու համար: Եթե բան փոխվի` առաջինը իրենք են դուրս գալու, որովհետև իրենց նշանակել են, որ մարդկանց մատից փուշ հանեն, ոչ թե մարդկանց ահաբեկեն ու մտածեն, թե ամբողջ կյանքում լինելու են այդ պաշտոնին»,- հայտարարեց նա:

ԲՀԿ առաջնորդը նաև տեղեկացրեց, որ տեղյակ է կոնկրետ խնդիրներից, որ առկա են Կապանում ու մարզում և պատրաստ է նաև կոնկրետ ծրագրեր իրականացնել` ապրիլի 2-ից հետո ու անկախ ընտրությունների արդյունքներից:
Սոսե Չանդոյան