Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի վերաբերյալORER.am-ը զրուցեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ: Քաղաքագետի կարծիքով՝ պայմանագիրը բարդ փաստաթուղթ է, փոխվում է ողջ երկրի տնտեսական ռեժիմը, սակայն հասարակությունն անտարբեր է և չի արձագանքում երկրի համար վճռորոշ փոփոխություններին. «Երկրի ամբողջ տնտեսական ռեժիմը փոխվում է, որն էլ ունի իր բացասական հետևանքները: Բացի այդ, ԵՏՄ-ին անդամակցելու համար Հայաստանը բանակցում էր շատ հարցերի շուրջ, որոնց մասին հասարակությունը դեռևս չգիտի: Մենք տեղյակ չենք, թե ինչ ապրանքների մաքսազերծման գների շուրջ է բանակցել պաշտոնական Երևանը, քաղաքական հարցերը ևս հստակ չեն նշվում»,- ասաց քաղաքագետն ու հավելեց, որ պայմանագրում ևս շատ մութ հարցեր կան: Նրա խոսքով՝ ԵՏՄ-ի անդամակցության շրջանակում կա նաև քաղաքական բաղադրիչը, որն իր հերթին դժվարություններ ու խնդիրներ է բերում, իսկ այդ խնդիրների մասին հասարակությունն ու իշխանությունը կիմանան այն ժամանակ, երբ արդեն դրանք ծառացած կլինեն երկրի առջև. «Քաղաքական բաղադրիչի մասին մոռանում են, այն կապված է նաև Հայաստանի՝ նախկինում վարած տնտեսական քաղաքականության հետ: Ցավում եմ, որ պայմանագրի հրապարակմանը, ԵՏՄ-ին անդամակցմանը հասարակությունը չարձագանքեց»: Հարցին, թե, ի վերջո, պայմանագրից պարզ դառնո՞ւմ է, թե ԼՂՀ-ի և ՀՀ-ի սահմանին մաքսակետ կդրվի, Երվանդ Բոզոյանը պատասխանեց. «Այնտեղ այդ հարցում ևս մութ ու անհասկանալի կետեր կան»: