«Ջնար» ավանդական երաժշտության անսամբլը նվագում է զինվորների համար
Культура«Ջնար» ավանդական երաժշտության անսամբլը մարտի 20-ին համերգով հանդես եկավ ՀՀ Կոտայքի մարզի Լուսակերտի հրետանային ուսումնական զորամասում, ուր կրտսեր հրամանատարներ են պատրաստվում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Համերգի սկզբում զորամասի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ, փոխգնդապետ Հ. Գևորգյանը ներկայացրեց զորամասի ստեղծման պատմությունը և անցած մարտական ուղին, ինչից հայտնի դարձավ, որ զորամասը բազմիցս լավագույն է ճանաչվել և պարգևատրվել «Լավագույն ուսումնական զորամաս» պատվոգրով:
Անսամբլի ելույթը ոգևորությամբ ընդունվեց, ևարժանացավ բարձր գնահատականի և բուռն ծափողջյունների: Համերգի ավարտին ելույթ ունեցան նույն զորամասի շնորհալի զինվորներից մի քանիսը, ովքեր անսամբլի նվագակցությամբ հայրենասիրական երգեր երգեցին:
Ընդհանուր միջոցառումն ավարտվեց դհոլի և զուռնայի ուրախ պարեղանակներով, որոնց ընթացքում զինվորները հայկական ավանդական պարեր պարեցին:
Համերգի ավարտին գնդապետ Ա. Պետրոսյանը «Ջնար» ավանդական երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հ. Սահակյանին հանձնեց պատվոգիր՝ բանակ ու հասարակություն՝ մշակութային կապերի ամրապնդման համար:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում «Ջնար» ավանդական երաժշտության անսամբլը մարտի 7-ին համերգային ծրագրով հանդես եկավ Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, մարտի 13-ին՝ Արարատի, իսկ մարտի 18-ին՝ Արմավիրի զորամասերում:
Ծրագիրն իրականացնում է «Ազգային նվագարանների վերականգնման և զարգացման» հիմնադրամը, որի հիմնական նպատակն է նպաստել զինվորների շրջանում հայկական ժողովրդական, ռազմահայրենասիրական երգի ու երաժշտության տարածմանը, ազգային երաժշտարվեստի լավագույն նմուշներին հաղորդակցմանը և հայրենասիրական ոգու բարձրացմանը:
«Ջնար» ավանդական երաժշտության անսամբլի համերգային ծրագիրը բաղկացած է ռազմահայրենասիրական, ֆիդայական, հեղինակային երգերից և հայկական ավանդական պարերգերից։ Համերգների ընթացքում մեկ րոպե լռությամբ և հոտնկայս հարգանքի տուրք է տրվում ապրիլյան պատերազմում զոհված զինվորների հիշատակին։
Խմբի կատարումները ջերմորեն են ընդունվում զինվորների կողմից և ուղեկցվում բարձր ծափահարություններով։ Հատուկ ոգևորությամբ է ընդունվում Բարսեղ Կանաչյանի «Գինի լից» երգը, որի կատարման ընթացքում, սովորաբար, զինվորները ձայնակցում են երգիչներին:
Պետք է նշել, որ Արմավիրի ուսումնական զորամասում կազմակերպված համերգը հայրենասիրական ոգեշնչվածությամբ անցավ: Այդ համերգին մասնակցում էր նաև «Ջնար» ավանդական երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավար Հ. Սահակյանի սան, քամանչահար և ներկայում զորակոչիկ Ա. Ղազարյանը: Քամանչայի անզուգական հնչողությամբ հայկական ժողովրդական «Թամզարա» պարի նրա կատարումն անկրկնելի էր, ինչպես նաև համերգի վերջում անսամբլի դուդուկահար Ա. Պետրոսյանի հնչեցրած զուռնայի նվագի տակ՝ ամբողջ անձնակազմի Քոչարի պարի միասնական կատարումը:
Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցած համերգը նվիրված էր Կանանց միջազգային օրվան, որին ներկա էին ոչ միայն համալսարանի սաները, այլև համալսարանի կին աշխատակիցները և սպայական անձնակազմի կանայք: Այդ առիթով անսամբլը պատրաստել էր հատուկ համերգային ծրագիր՝ հայկական ժողովրդական և ռազմահայրենասիրական երգերից բաղկացած։
Համերգի ավարտին համալսարանի ղեկավար, գեներալ-մայոր Ա. Ղահրամանյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով՝ տոնի առթիվ շնորհավորեց բոլոր կանանց, հատուկ պատրաստած բացիկներ ու ծաղիկներ նվիրեց անսամբլի աղջիկներին ։