Մենք պարտավոր ենք հաղթել և կրկին ուրախացնել մեր երկրպագուներին. Էդգար Մանուչարյան
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Էդգար Մանուչարյանը Ղազախստանի հետ խաղի առաջ խոսել է առաջիկա մրցակցի մասին:
«Չեռնոգորիայի հետ խաղում տղաներն իսկական հրաշք գործեցին՝ խաղի վերջին վայրկյաններին կորզելով հաղթանակը: Հիմա պարտավոր ենք շարունակել այն, ինչ սկսել ենք այդ խաղի ժամանակ: Որքան էլ որ Ղազախստանի հավաքականը բավականին ուժեղ թիմ է, եթե մենք ցանկանում ենք դուրս գալ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, մենք պարտավոր ենք հաղթել և կրկին ուրախացնել մեր երկրպագուներին»,- Մանուչարյանի խոսքը մեջ է բերում ՀՖՖ-ն:
13 տարի առաջ հենց Ղազախստանի դեմ խաղում Մանուչարյանը նշեց իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականում: Վերհիշելով այդ խաղը՝ ֆուտբոլիստն ասել է. «Այդ ժամանակ շատ երիտասարդ էի՝ ընդամենը 17 տարեկան, և շատ բաներ արդեն ջնջվել են իմ հիշողությունից, բայց որոշ դրվագներ, իհարկե, հիշում եմ: Մինչ այդ խաղացել էի բոլոր տարիքային հավաքականներում, բայց ազգային հավաքականում խաղալն այլ պատասխանատվություն էր ու նաև մեծ պատիվ: Բավականին հետաքրքիր խաղ էր, որն ավարտվեց 3:3 հաշվով»:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին 20:00-ին: