Պատմամշակութային հուշարձանները նոր շունչ կստանան
КультураՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2017 թվականին ավարտին կհասցվեն յոթ պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները: Այս մասին Արմենպրեսի թղթակիցը զրուցեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների վերականգնման բաժնի պետ Գայանե Նազլուխանյանի հետ:
«2016 թվականի ավարտին ՀՀ կառավարությունը հաստատեց այն բյուջեն, որը տրամադրվելու է Հայաստանի պատմամշակութային հուշարձանների վերականգնմանը: Այս տարի ավարտին կհասցվեն յոթ հուշարձանների վերանորոգման աշխատանքները: Դրանցից շատերի վերանորոգումը սկսվել է նախորդ տարիներին»,-նշեց Նազլուխանյանը:
Նրա խոսքով՝ վերականգնման ենթակա հուշարձաններն ընտրելիս իրենք առաջնորդվում են երկու սկզբունքով. հաշվի են առնում հուշարձանի վնասվածության աստիճանը և տվյալ կառույցի մշակութային արժեքն ու կարևորությունը:
Գայանե Նազլուխանյանն ընդգծեց, որ վերանորոգվելու է Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի Արտավազիկ եկեղեցին: «Նորոգման աշխատանքները սկսվելու և ավարտվելու են այս տարի: Արտավազիկը փոքրիկ կառույց է, որի ռոտոնդան փլուզվել է կայծակի խփելու հետևանքով: Տեղի բնակչությունը բավականին ակտիվ է և ոգևորված այն մտքից, որ հավատացյալները շուտով եկեղեցի են այցելելու: Վերականգնման համար տրամադրվել է 18 մլն դրամ»,-ասաց նա:
Հաջորդը Արտաշատ քաղաքատեղի պատմամշակութային արգելոցն է: Մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ վերականգնվելու են տեղի երեք բաղնիքների հատակի խճանկարները: Ծրագիրն իրագործվում է անցյալ տարվանից: Նախորդ տարի տրամադրվել է 10 մլն դրամ, իսկ այս տարի` 8 մլն դրամ:
Արմավիրի մարզի Մեծամորի թանգարանում գտնվող սրբարանների պահպանման համար ծածկ է կառուցվելու և վերականգնվելու է ուրարտական շրջանից մեզ հասած արժեքավոր հուշարձանը, որի համար 8 մլն դրամ է տրամադրվել:
Վերականգնվելու է Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այն 7-րդ դարի յուրահատուկ, հազվադեպ հանդիպող կառույց է, բազմախորան հուշարձանի տեսակ: Դրա նորոգման աշխատանքները վաղուց են սկսվել, իսկ այս տարի կավարտվեն: Տրամադրվել է 35 մլն դրամ:
Արարատի մարզում գտնվող Դվինի հնավայրը նույնպես վերականգնվելու է: 6,7 մլն դրամ է տրամադրվել դրա համար: Վերականգնման աշխատանքները ֆինանսավորվում են նաև Համաշխարհային բանկի կողմից:
Ավարտին է հասցվելու Տավուշի մարզի Մխիթար Գոշի դամբարանի վերականգնման գործընթացը, որը սկսվել է 2012 թվականին: Այնտեղ հուշարձան է կանգնեցվել և 3 մլն դրամ է հատկացվել դրա համար:
Սյունիքի մարզում գտնվող միջնադարյան վանական համալիր Որոտնավանքում են աշխատանքներ կատարվելու: Նորոգվել է եկեղեցին, ներկայումս գավթի վերակառուցման վերջնական աշխատանքային փուլն է ընթանում: Տրվել է 8 մլն դրամ:
Վերջինը Կամարիսի Սուրբ Հովհաննես եկեղեցին է: Այն Կոտայքի մարզում է գտնվում: Վաղ միջնադարյան կառույց է, որի վերականգնման համար հատկացվել է 8 մլն դրամ:
Նազլուխանյանը շեշտեց, որ հուշարձանների վերականգնման համար իրենք մասնագետներ են հրավիրել արտերկրից: Նրանք կհամագործակցեն Հայաստանի բարձրակարգ մասնագետների հետ:
Անդրադառնալով մասնավոր ներդրողներին՝ բաժնի պետը շեշտեց, որ իրենք աշխատում են ՄԱԿ-ի հետ:
«ՄԱԿ-ը դեռ 2008 թվականին գումար է հատկացրել Գյումրու Վ. Աճեմյանի փողոցի թիվ 25 շենքի նորոգման համար, քանի որ այն պատմամշակութային արժեք ունի: Շատերիս սիրած «Մեր մանկության տանգոն» ֆիլմի բազմաթիվ դրվագներ հենց այդ շենքում են նկարահանվել»,-ընդգծեց նա:
Գայանե Նազլուխանյանի խոսքով` իրենք շենքի մի հատվածում ցանկանում են երկրագիտական թանգարան բացել, որտեղ կցուցադրվեն բազմաթիվ արժեքավոր գտածոներ, և քանի որ Գյումրին չունի նաև պատկերասրահ, ապա շենքի մյուս թևը կվերածեն Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղի, որտեղ կներկայացվեն Մինաս Ավետիսյանի և հայ այլ ականավոր ստեղծագործողների աշխատանքներ:
Դսեղ գյուղում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հ. Թումանյանի տուն-թանգարանում սպասարկման սրահ կբացվի:
Անժելա Համբարձումյան