«Ո՞վ է ասել, որ մենք իշխանությունների հետ կոալիցիա պետք է կազմենք». Գագիկ Ծառուկյան
ОбществоԱյսօր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եղավ Արարատ քաղաքում, որի ժամանակ նա խոսեց օրերս շրջանառվող մի թեմայի շուրջ։ Իր ելույթի ժամանակ նա ասաց. «Օրերս ինձ հարց են տալիս՝ եթե 50+1 չստանաք, կոալիցիա կկազմե՞ք: Ասացի, որ եթե 50+1 չհավաքենք, ապա կորոշենք, թե ինչ անենք։ Բայց ես չեմ ասել իշխանության հետ կոալիցիա կկազմեմ, ասել եմ՝ որոշողը ես եմ: Ո՞վ է ասել, որ մենք իշխանությունների հետ կոալիցիա պետք է կազմենք, բայց գիտեմ, որ այս անգամ կոալիցիա կազմելու խնդիր չի լինելու. մենակ վերցնելու ենք, մենակ հաղթելու ենք, մեր բոլոր ծրագրերը իրականություն ենք դարձնելու: Իրենք փրփուրներից են կախվում, որ ինչ-որ տոկոս հավաքեն ու խորհրդարան մտնեն, մենք խորհրդարան մտնելու խնդիր չունենք, ես պարտք ունեմ իմ ժողովրդին ու վստահ եմ հաղթանակի մեջ»,– ասաց նա՝ հավելելով. «Իմ պարտքը ոչ թե բարեգործությունն է, այլ պայման ու հնարավորություն ստեղծելն է ժողովրդի համար, որ մարդիկ կարողանան բարեկեցիկ կյանքով ապրեն իրենց հայրենիքում ու չմտածեն այստեղից գնալու մասին»,- հայտարարեց նա:


Նրա խոսքով՝ մարդիկ ընկել են ցայտնոտի մեջ, առիթներ են ման գալիս, փրփուրներից կախվում, բայց ինքը տեսնում է ժողովրդի անվերապահ վստահությունը «Ծառուկյան» դաշինքի նկատմամբ, հավատը իրենց նկատմամբ. «Դրա համար գնացեք ու ընտրեք ոչ թե սրա-նրա խաթրին, այլ ձեր երեխայի ապագայի համար»,- հորդորեց նա արարատցիներին:
Գագիկ Ծառուկյանը նաև նշեց, որ անկախ ամեն ինչից ու նրանից, թե որ կուսակցությունը կհաղթի՝ իրենց 15 կետերը պետք է կյանքի կոչվեն:
«Այդ մասին են ասում նաև միջազգային մեր գործընկերները, որոնք ծանոթացել են ծրագրին ու նշել, որ միանշանակ այս ծրագրի իրագործումը կարող է երկիրը տանել փոփոխությունների»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ միջազգային իր գործընկերները օրերս Հայաստանում էին, ծանոթացել են նախընտրական ծրագրին ու հավանության են այն արժանացրել, քանզի նման հենքի վրա երկիրը նաև ներդրումների հոսք կապահովի:



Խնդիրները, որ 15 կետերը լուծելու են, բազմազան են: Ծառուկյանի խոսքով՝ թոշակները կբարձրանան, ուսանողների ուսման վարձը կլուծվի, գազն ու էլեկտրաէներգիան կէժանանան, վարկային տոկոսադրույքները կնվազեն: Սա առաջնային կատարվելիք քայլերի մի մասն է միայն, իսկ մնացած, ավելի գլոբալ ծրագրերը, հավաստիացրեց դաշինքի առաջնորդը, կլուծվեն հաջորդիվ: Դրանց թվում նաև մարզերի համաչափ զարգացումը ու մարզերի զարգացման համար անհրաժեշտ ներդրումները, որոնք կվերագործարկեն գործարաններն ու արտադրամասերը՝ կանխելով հետագա արտագաղթը: Եթե այս ամենը չարվի, զգուշացրեց նա, արտագաղթը գնալով ավելի ու ավելի կդատարկի մարզերը, իսկ գործազրկությունը կավելանա:

«Երկրում 95 հազար փոքր ու միջին բիզնես ձեռնարկություն ունենք, որը բյուջեին միայն 1 տոկոս է տալիս. սա անթույլատրելի է: ՓՄՁ-ին չօգնենք այսօր, ապա այն կվերանա վերջնական, իսկ եթե ազատենք հարկերից երեք տարով, ինչպես մենք են առաջարկում, ապա իրավիճակը կտրուկ կփոխվի՝ մարդիկ ոտքի կկանգնեն, հետն էլ բյուջեն ավելի շատ մուտք կլինի»,- ասաց նա:
Գագիկ Ծառուկյանը նկատեց նաև, որ այսօր շատ ելույթներ է լսում, ծրագրեր, որոնք, կարծես, Շվեյցարիայի են ունակ մեր երկիրը վերածելու, բայց իրականությունն այն է, որ 50 աշխատատեղ են բացում, բոլոր ալիքներով ցույց են տալիս, բայց դրան զուգահեռ 5 հազար էլ փակվում է ու մարդիկ բռնում են արտագաղթի ճամփան:
Սոսե Չանդոյան