Ֆինանսական և ապահովագրական ոլորտի պետական հատվածի միջին ամսական անվանական աշխատավարձն ամենաբարձրն է Հայաստանում
ЭкономикаՀայաստանում 2016 թվականի դեկտեմբերին ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտի ընդհանուր միջին ամսական անվական աշխատավարձը կազմել է 623 հազար 415ՀՀ դրամ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձն ավելացել է 15,6 տոկոսով: Ընդ որում, ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտի պետական հատվածի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 1 մլն 446 հազար 426 դրամ, ինչը 2015-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 23,5 տոկոսով: Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտի պետական հատվածի միջին ամսական անվանական աշխատավարձը 2016 թվականի դեկտեմբերին Հայաստանում ամենաբարձրն է եղել: Ոչ պետական հատվածում այն ավելացել է 14,6 տոկոսով` կազմելով 574 հազար 825 դրամ:
Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում աշխատող մասնավոր հատվածի միջին ամսական անվանական աշխատավարձը 2016 թվականի դեկտեմբերին կազմել է 493 հազար 758 դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 0,9 տոկոսով:
Համեմատաբար բարձր անվանական աշխատավարձ են ստանում նաև տեղեկատվական և կապի ոլորտի աշխատողները: Նրանց ընդհանուր միջին ամսական անվանական աշխատավարձը 2016 թվականի դեկտեմբերին կազմել է 473 հազար 256 դրամ` ավելանալով 4,8 տոկոսով: Այս ոլորտի պետական հատվածի աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 7 տոկոսով` կազմելով 223 հազար 208 դրամ, իսկ մասնավոր հատվածինն ավելացել է 3,9 տոկոսով` կազմելով 516 հազար 674 դրամ:
Հայաստանում 2016 թվականի դեկտեմբերին ամենացածր միջին ամսական անվանական աշխատավարձ են ստացել մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտի աշխատողները, որն ընդհանուր կազմել է 124 հազար 306 դրամ` նվազելով 7,6 տոկոսով: Պետական հատվածում նրանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 133 հազար 338 դրամ, իսկ ոչ պետականում` 107 հազար 593, ինչը 2015 թվականի դեկտեմբերի նկատմամբ նվազել է 9,1 տոկոսով:
2016 թվականի դեկտեմբերին համեմատաբար ցածր են վարձատրվել նաև կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտի աշխատողները: Ոչ պետական հատվածում նրանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 130 հազար 320 դրամ` 2015-ի դեկտեմբերի համեմատ նվազելով 2,4 տոկոսով:
Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտի ընդհանուր միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 130 հազար 432 դրամ, ինչը նվազել է 7,7 տոկոսով:
2016 թվականի դեկտեմբերին ընդհանուր միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 234 հազար 227 դրամ: Այն 2015-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 5,1 տոկոսով: Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 204 հազար 562, իսկ ոչ պետականում 271 հազար 148 դրամ: Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 01, իսկ ոչ պետականում` 9,2 տոկոսով: