Երվանդ Քոչարի «Ալեգորիա» ստեղծագործությունը նոր շունչ կհաղորդի Մոսկովյան պուրակին
КультураՆկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի ստեղծագործություններից մեկը` «Ալեգորիա» անվանումով (Բանվորը և կոլտնտեսականը) բրոնզաձույլ արձանը մարտի 25–ին տեղադրվեց Մոսկովյան պուրակում (Դրամատիկական թատրոնի շենքի մոտ):
«Մենք վերաարժևորում ենք Երվանդ Քոչարի այս գործը, որը քաղաքի կառուցապատման պատճառով հայտնվեց մեզ համար ոչ տեսանելի վայրում, փակուղում: Այն անմխիթար վիճակում էր: Մեր և «Վերականգնման կենտրոն»-ի ջանքերով արձանը վերանորոգվեց: Այս ստեղծագործությունը երևակայելու նոր հնարավորություն կտա համաքաղաքացիներին», - Արմենպրեսի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով` կան արվեստագետներ, որոնց յուրաքանչյուր գծանկարը, քանդակի մասնիկն անգամ պետք է մեծ հոգատարությամբ շրջապատել: «Շատ լավ է, որ երկար տարիներ մոռացված այս քանդակն իր տեղը գտավ ուսանողական միջավայրում»,-ասաց նա:
«Յուրաքանչյուր երկիր այցելելիս օտարերկրացին առաջին հերթին ուշադրություն է դարձնում այս երկրի քաղաքներում տեղադրված մշակութային արժեքներին: Կարևորը հուշարձաններն ու հուշաքանդակներն են: Շնորհավորում եմ Երևանին նման գեղեցիկ գոհար ունենալու առթիվ»,-ընդգծեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Երվանդ Քոչարի որդի Ռուբեն Քոչարն ասաց, որ Երվանդ Քոչարը դեռ ապրում է, քանի որ ժամանակ առ ժամանակ իմաց է տալիս իր գործերով: «Նրա ամբողջ հույսը ապագան էր, և նա միշտ ասում էր, որ ժամանակից չի վախենում և ժամանակն իր ընկերն է, իր օգնականը»,-շեշտեց Ռուբեն Քոչարը:
Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թվականին Թիֆլիսում: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918 թվականներին միաժամանակ սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցում, 1918 թվականին՝ Մոսկվայի պետական ազատ գեղարվեստական արվեստանոցում `Պյոտր Կոնչալովսկու դասարանում։