Կայացել է Ֆլետչերի դպրոցի նախկին ու ներկա շրջանավարտների հանդիպումը
ЭкономикаՀՀ ֆինանսերի նախարար Վարդան Արամյանն ընդունել է ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության դպրոցի պատվիրակությանը, որի անդամներն էին դպրոցի թվով 4 դասախոսներ և 68 ուսանողներ: Նախարար Արամյանը հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով համաշխարհային տնտեսական զարգացումները և, մասնավորապես, երկրի տնտեսական վիճակը:
Քննարկվել են 2004-2016 թվականների մակրոտնտեսական զարգացումները, արտարժույթի տատանումների ազդեցությունը ապրանքային գների վրա, ներկայացվել է երկրի դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը, ինչպես նաև օտարերկրյա ուղղակի ներդրումներն ու փոխանցումները` որպես տնտեսական աճն ապահովող հիմնական գործոններ:
Նախարար Վարդան Արամյանը, ով նույնպես հանդիսանում է Ֆլետչերի դպրոցի շրջանավարտ, հաճույքով պատասխանել է աշխարհի լավագույն դպրոցներից մեկի սաների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի` ԵԱՏՄ-ի շրջանակում տնտեսական հնարավորություններին և ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարին: