Հերմինե Նաղդալյանը շատ հուսադրող է համարում տնտեսական 2017 թվականի ցուցանիշները
ЭкономикаՈրպես իշխող ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության խնդիրը ամենադժվարն է ընտրարշավում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը։
«Ելնելով այն պարզ հանգամանքից, որ Հանրապետական կուսակցությունը իշխող ուժ է և կառավարելով բավականին ծանր ժամանակներում, մենք գիտենք, որ վերջին 7-8 տարիները և՛ մեր երկրի, և՛ համաշխարհային տնտեսության համար ճգնաժամային էին։ Մենք լուծում էինք ճգնաժամից դուրս գալու խնդիրները, և բնական է, որ այս պարագայում իշխանությունը առավել խոցելի է։
Երկրում բավական մեծ զանգված կա, որը սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, բարեկեցության ցածր մակարդակ ունի։ Այս ամենը պարտադրում է մեզ լինել ոչ միայն մեր աշխատանքի, վարած քաղաքականության մեջ առավել օպտիմալ և ճշգրիտ»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը։
Նրա խոսքով, իրենք պետք է ամենօրյա հետադարձ կապի միջոցով կարողանան մաքսիմալ կերպով բացատրել և ներկայացնել բոլոր դժվարությունները, որոնք կան երկրում և համաշխարհային տնտեսության մեջ։
Նաղդալյանն ընդգծեց, որ ընդամենը երկու օր առաջ ֆինանսների նախարարությունը ներկայացրեց այս տարվա տնտեսական ցուցանիշները, որոնք բավական հուսադրող էին։
«2017 թվականի տնտեսական աճի տեմպը մեզ համար գերազանցված է։ Շուրջ 6,2 տոկոսով տնտեսական ակտիվություն ունենալը, այն էլ դժվար հունվար, փետրվար ամիսներին, որոնք, որպես կանոն, տնտեսական առումով չեն փայլում։
Այդ թվերը խոսում են այն մասին, որ կառավարության շուրջ վեց ամսվա աշխատանքները կատարվել են բոլոր գերատեսչությունների կողմից»,- ասաց Հերմինե Նաղդալյանը։