Թատրոնն աշխարհի փոքր մոդելն է. նշվում է թատրոնի միջազգային օրը
КультураԱշխարհի տարբեր երկրներում մարտի 27-ին նշվում է թատրոնի միջազգային օրը: Առաջին անգամ այն տոնվել է Ֆրանսիայում, այնուհետև տարածվել աշխարհով մեկ: Այս առիթով Արմենպրեսի թղթակիցը զրուցեց թատերական ոլորտի ներկայացուցիչների հետ:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի խոսքով` թատրոնն աշխարհի փոքր մոդելն է, որը գեղարվեստական միջոցներով ներկայացնում է իրականությունը: «Թատրոն գալով` հանդիսատեսն ազատվում է իրեն շրջապատող քաոսից: Ցավոք սրտի, մեր օրերում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում թատերական ժամանակներ չեն, քանի որ ժամանակը շատ արագ է սլանում, իսկ դրամատուրգները չեն հասցնում դրան համընթաց քայլել»,-ասաց գեղարվեստական ղեկավարը: Էլբակյանի կարծիքով` թատրոնում ամենակարևոր դեմքը բանաս տեղծն է, պոետը, հեղինակը: «Թատրոնի վիճակը կբարելավի այն ժամանակ, երբ պիեսներում արտահայտվի ժամանակի զարկերակը»,-ընդգծեց նա:
«Թատրոնն ապրելակերպ է. այն իմ կյանքն է իր բոլոր դրսևորումներով: Թատրոնն իմն է, ես` թատրոնինը»,-նշեց դերասան Տիգրան Ներսիսյանը: Նա ընդգծեց, որ վերջին տարիներին թատերական բնագավառում դրական աճ է նկատում, սակայն անելիքները նույնպես շատ են: «Թատերական արվեստի բարելավումն ու զարգացումը կապված է մեր երկրի, հասարակության վիճակի հետ և եթե լուծվեն հասարակական խնդիրները, թատրոնն էլ ավելի կզարգանա»,-ասաց դերասանը:
Թատերական ռեժիսոր Հրաչյա Գասպարյանի խոսքով` թատրոնն իր կյանքն է, երջանկությունը, հաճույքը, այն բնագավառը, որի համար ծնվել է: «Ամեն օր աշխատանքի գնալիս ես երջանիկ եմ և առանց թատրոնի չեմ պատկերացնում ինձ: Ըստ իս` թատրոնը երևույթ է, որը ժողովրդին դարձնում է վեհ, նպատակասլաց, հետաքրքիր»,-շեշտեց Գասպարյանը:
Թատրոնի համաշխարհային օրը (World Theatre Day) տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ: Այդ օրվա կապակցությամբառաջին ուղերձը գրել է ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոկտոն (Jean Cocteau, 1889-1963թթ.) 1962 թվականին: