Արցախում հանքարդյունաբերության և բացհանքերի շահագործման ծավալներն ավելացել են 189,6 տոկոսով
ЭкономикаԱրցախի Հանրապետությունում հանքարդյունաբերության և բացհանքերի շահագործման ծավալը 2017 թվականի հունվար-փետրվարին կազմել է 2 մլն 277,9 հազար դրամ: Ըստ Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2016 թվականի հունվար-փետրվարին այն կազմել էր 789,6 հազար դրամ: Այս տարի հանքարդյունաբերությունն ավելացել է 189,6 տոկոսով:
Մետաղական հանքաքարի արդյունահանումը 2017-ի հունվար-փետրվարին կազմել է 2 մլն 91,8 հազար դրամ, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածում` 715,6 հազար դրամ: Այն ավելացել է 192,3 տոկոսով:
Արցախի Հանրապետությունում հանքարդյունաբերության և բացհանքերի շահագործման այլ ճյուղերի ծավալը 2017 թվականի հունվար-փետրվարին կազմել է 186,1 հազար դրամ` նախորդ տարվա հունվար-փետրվարի 71 հազարի համեմատ ավելանալով 162,1 տոկոսով:
Միևնույն ժամանակ, 9 տոկոսով ավելացել է նաև մշակող արդյունաբերությունը: Այս տարվա հունվար-փետրվարին այն կազմել էր 2 մլն 202,7 հազար դրամ, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածում ` 2 մլն 20,7 հազար դրամ:
Արցախի ընդհանուր արդյունաբերության ճյուղի ծավալը 2017-ի հունվար-փետրվարին կազմել է 9 մլն 268,7 հազար դրամ: 2016 թվականի հունվար-փետրվարին` 7 մլն 237,8 հազար դրամ: 2017-ին այն ավելացել է 28,1 տոկոսով: