Հայ բադմինտոնիստները մեդալներ են նվաճել Իսրայելում
СпортՄարտի 23-25-ը Իսրայելի Ռիշոն Լե Ցիոն քաղաքում կայացել է բադմինտոնի Li Ning Israel Youth 2017 միջազգային մրցաշարի 8-րդ խաղարկությունը` մինչեւ 11, 13 եւ 15 տարեկանների համար:
Հայաստանը ներկայացրել են Էլեն Տիրատուրյանը (Մ13), Գայանե Մամաջանյանը (Մ15) եւ Սվետլանա Բոյաջյանը (Մ15), հաղորդում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:
Աղջիկների զուգախաղում Գայանե Մամաջանյան-Սվետլանա Բոյաջյան զույգը, կիսաեզրափակիչում զիջելով բելառուսա-իսրայելական Հելի Նեյման-Վերոնիկա Տարուսավա զույգին, բավարարվել է բրոնզե մեդալով:
Խառը զուգախաղի եզրափակիչում Գայանե Մամաջանյանը հանդես է եկել Անգլիայի ներկայացուցիչ Տոբի Դիլնգհամի հետ: Նրանք մրցել են Ուկրաինան ներկայացնող Անաստասիա Պրոկոպովիչ-Արտյոմ Նոսով զույգի հետ, որին զիջելով 21:17 եւ 21:8 հաշվով, արժանացել են արծաթե մեդալների:
Նշենք, որ մարզուհիները մրցաշարին ներկայացել են մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի ղեկավարությամբ: