Սուրիկ Խաչատրյանից մինչև Եղիշե Չարենց. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրացուցակով Սյունիքի և Վայոց ձորի մարզերում պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հարությունյանը
– Պարոն Հարությունյան, Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո ինչպիսի՞ մթնոլորտ է Սյունիքի մարզում:
– Ընտրական գործընթացներ են, գնում է բուռն ընտրապայքար: Ես էլ մասնակցում եմ իմ առավելագույն հնարավորություններով: Բնականաբար չունեմ վարչական որևէ ռեսուրս: Եվ չեմ կարող ապավինել որևէ ուժային միջոցների:
Բայց, իհարկե, բավականին փորձառու եմ. միայն հինգ անգամ մասնակցել եմ խորհրդարանական ընտրությունների, արձանագրել եմ վստահության քվեների պատկառելի թվեր: Թե 1999 և թե 2007 թվականի ընտրություններին, մեծամասնական ընտրակարգով առաջադրվելով Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում, ստացել եմ մոտ 14 հազար ձայն: Ընդ որում, 2007–ին իմ մրցակիցը նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանն էր, և մենք այդքան ձայնը կարողացանք պահել: Իսկ թե իրականում ինչքան էր եղել, չեմ կարող ասել:
– Իսկ ձեր` այդքան ձայներ հավաքելուն նպաստե՞լ է , թե խանգարել է հակամարտությունը, որ ունեցել եք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ:
– Ես, ըստ էության, արդեն 29 տարի է, ինչ ընդդիմադիր եմ` 1988–ի փետրվարից, երբ իմ առաջին հրապարակային ելույթն ունեցա: Հարկ չկա կենտրոնանալ միայն Սուրիկ Խաչատրյանի պարագայի վրա: Հաշվի առնելով նաև, որ արդեն 7–րդ ամիսն է, ինչ նա պետական և կուսակցական պաշտոն չի զբաղեցնում:
– Շատ մեծահոգի չե՞ք:
– Մենք 25 տարի եղել ենք հակամարտության մեջ, բայց այնուամենայնիվ դեռ սրանից մեկ տարի առաջ, երբ դատական պրոցեսների մեջ էինք արդեն 2,5–3 տարի, մեր մեջ ուժ գտանք հանդիպել իրար և մի շարք դժվարին խոսակցություններից հետո կարողացանք վերջակետ դնել մեր հակամարտությանը: Պայմանավորվեցինք, որ մեր հետագա կյանքում միայն փորձենք դրականի և լավ գործերի առումով օրինակ ծառայել մարդկանց:
– Եվ ստացվո՞ւմ է:
– Ես դեռ մեկ տարի առաջ եմ հայտարարել, որ այսուհետև իմ և Սուրիկ Խաչատրյանի հարաբերությունները պետք է միայն ու միայն ծառայեցնենք ի շահ ազգի ու ի շահ մեր երկրի: Հատկապես` հոգևոր–մշակութային դաշտում:
– Եվ դա ինչպե՞ս է տեղի ուենում:
– Օրինակ, Գորիսի հնագույն գերեզմանատունը, որ ամփոփված են սյունեցի մեր երևելիների աճյունները, գտնվում էր շատ անխնամ ու անմխիթար վիճակում: 1–2 տոննա կշռող հարյուրավոր գերեզմանաքարեր տապալված էին, հեռացված` իրենց տեղերից: Իմ նախաձեռնությամբ և մարզպետարանի աջակցությամբ կարգի բերեցինք մեր նախնիների հանգստարանը: Մոտ 200 նման շիրմաքարեր դրեցինք իրենց տեղը: Եվ դա արեցինք ձեռքերով, քանզի տեխնիկա չէր կարող մոտենալ:
– Այնպես որ` ավելի լավ է բարեկամ լինել, քան` թշնամի:
– Եթե մարդ իր մեջ ուժ է գտնում ու հետագա կյանքում կարողանում է ազատվել թշնամանքից, ապա դա միայն գովելի է ու աստվածահաճո:
Հիմա նորից եմ ասում, քանի որ Սուրիկ խաչատրյանն այլևս չունի պետական պաշտոն, ու նաև առողջական խնդիրներ ունի, ես նրան առողջություն եմ մաղթում: Եվ ուզում եմ, որ բոլորս էլ ձերբազատվենք մեր սխալներից ու ընթանանք բարեպաշտ կյանքի ճանապարհով:
Եղիշե Չարենցը մի բանաստեղծություն ունի` «Պատասխան թշնամիներիս», ասում է`
Ով դուք ասպետներ չնչին դավերի,
Ի՞նչ եք քչփչում ճանկերդ սրած,
Ես հոգով հիմա պինդ եմ ավելի,
Ավելի տոկուն` քան էի առաջ:
Եվ եթե երգով ես ասում եմ թե
Ես այլ եմ հիմա, այլևս այն չեմ,
Նշանակում է նոր հուն եմ մտել
Ավելի խորունկ, ավելի անշեղ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: