Թիվ 26 և 63 երթուղու ավտոբուսներում գողություն կատարած անձինք բերման են ենթարկվել
ОбществоՈստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Աբովյան փողոցի թիվ 52 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1961 թվականին ծնված Արամայիս Թ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Արամայիս Թ.-ն հայտնել է, որ դրամապանակը գողացել է թիվ 26 երթուղու ավտոբուսի սրահում՝ ուղևորուհուց: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ուղևորուհին 1984 թ. ծնված Հասմիկ Ա.-ն է:
Գողոնն առգրավված է:
Նշված բաժանմունքի ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 9 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թվականին ծնված Կարո Մ.-ին, ում մոտից խուզարկությամբ նույնպես հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր:
Կարո Մ.-ն հայտնել է, որ դրամապանակը գողացել է թիվ 63 երթուղու ավտոբուսի մի ուղևորուհուց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժած անձը 1949 թվականին ծնված Նելլի Ֆ.-ն է:
Վերոհիշյալ երկու դեպքերի առթիվ կատարվում է հետաքննություն: