Վեդու ջրամբարի շահագործումը 20-25 տոկոսով կնվազեցնի ջրակորուստները
ЭкономикаՀաջորդ տարի կավարտվեն Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքները, որի մեկնարկը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տրվեց 2017թ. մարտի 28-ին: Վեդու ջրամբարը նախատեսվում է կառուցել ՀՀ Արարատի մարզում: Ջրամբարի համար ջրաղբյուր են Վեդի և Խոսրով գետերը: Վեդու ջրամբարի ընդհանուր ծավալը նախատեսվում է 29.4 մլն խմ, իսկ ջրատվությունը` 32.3 մլն խմ, որը կլցվի Վեդի և Խոսրով գետերի հեղեղային (ազատ) հոսքերով` ոռոգման շրջանից դուրս:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ընդգծեց, որ ջրամբարի համար նախատեսվում է կառուցել երկու պատվար, համապատասխանաբար H=85մ և H=14մ բարձրությամբ, իսկ թասի մակերեսը` 120հա:
«Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման 90 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության տրամադրած վարկային միջոցներով: Գործակալությունը տրամադրում է 75 մլն եվրո վարկ, իսկ մնացած 15 միլիոն եվրոն կհամաֆինանսավորի կառավարությունը»,- ասաց Գաբրիել յանը` ընդգծելով, որ ջրամբարաշինությունը և ոռոգման խնդիրների կարգավորումը կառավարության առաջնահերթություններից է ու Վեդու ջրամբարին զուգահեռ կառուցվում են նաև Կապսի և Մաստարայի ջրամբարները:
Նա հավելեց, որ վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2016թ. հունվարի 26-ին, ուժի մեջ է մտել 2016թ. մայիսի 12-ին: Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալը` 6 տարի: Վարկի նվազագույն տոկոսադրույքը` տարեկան 0.25 տոկոս, առավելագույնը` 6.25 տոկոս: Վարկի նկատմամբ կիրառելի գործող գլոբալ դրույքը կարող է հաշվարկվել տարեկան 1.31 տոկոս:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց Վեդու ջրամբարի շինարարության մեկնարկը` ընդգծելով, որ դա շատ կարևոր նշանակություն ունի հարակից համայնքներին ոռոգման ջրով ապահովելու և ոռոգվող հողատարածքներն ավելացնելու առումով: «Վեդու ջրամբարի ընդհանուր ծավալը կազմելու է 29 միլիոն խորանարդ մետր, իսկ թասի մակերեսը շուրջ 120 հեկտար է:
Արդյունքում մենք անխափան ոռոգում կունենանք 6 հազար հեկտար հողատարածքում, որից 3500 հեկտարը մեխանիկական եղանակից անցնելու են ինքնաոռոգման: Արդյունքում գործող պոմպակայանները կանջատվեն ամբողջությամբ, իսկ 4-ը կաշխատեն մասնակի: Մենք կունենանք նոր ոռոգելի հողատարածքներ` շուրջ 1200 հեկտար, էլեկտրաէներգիայի տնտեսում տարեկան մոտ 17 միլիոն կիլովատ/ժամ, իսկ համակարգում կորուստները կկրճատվեն մոտ 20-25 տոկոսով»,- եզրափակեց Հարությունյանը:
Վեդու ջրամբարի պատվարի եւ օժանդակ կառուցվածքների կառուցման աշխատանքներն իրականացվում են «Սահակյանշին» ՓԲԸ (Հայաստան) - «ՊԵԳԱ» ԲԸ (Իրան) ՀՁ կողմից: Աշխատանքները մեկնարկում է 2017թ. մարտին և կավարտվեն 2021թ. մարտին: Ծրագրի բաղադրիչներն են` Վեդու ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցում, Վեդի և Խոսրով գետերի վրա ջրառ հանգույցների կառուցում, շուրջ 11 կմ երկարությամբ ջրի փոխադրման համակարգի կառուցում և 37 կմ երկարությամբ ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում և ոռոգման ցանցի վերակառուցում, ինչպես նաև «Արտաշատ» և «Ար արատ» ՋՕԸ-երի սպասարկման տարածքում շուրջ 500 հա հողատարածքում ոռոգման նոր տեխնոլոգիաների փորձնական կիրառում:
Ծրագրից ակնկալվում է դրա ազդեցության 6000 հա հողատարածքներում ոռոգման ջրամատակարարման արդյունավետության ապահովում, այդ թվում` ջրամբարի իշխման տակ գտնվող ութ համայնքների` Դաշտաքար, Ուրցաձոր, Վեդի, Գոռավան, Այգավան, Ավշար, Նոյակերտ եւ Արարատ շուրջ 3 հազար 200 հա հողատարածքների ինքնահոս ոռոգման համակարգի միջոցով ոռոգում. ներկայում վերանշյալ տարածքի շուրջ 75 տոկոսը ոռոգվում է մեխանիկական եղանակով, իսկ շուրջ 300 հա-ը անջրդի է: Կբարձրացվի Արտաշատի մայր ջրանցքից ինքնահոս ոռոգվող հինգ համայնքների շուրջ 2 հազար 800 հա հողատարածքների ջրապահովման մա կարդակը, եկամտաբեր մշակաբույսերը կավելանան շուրջ 10 տոկոսով, բերքատվությունը կաճի 25 տոկոսով, Սևանա լճից ջրառը կնվազեցվի տարեկան շուրջ 18 մլն խմ-ով: Ծրագրի իրականացման ժամանակահատվածում ստեղծվելու է շուրջ 250 նոր աշխատատեղ` ամսական 225-ից 250 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: