Ըստ Արևմուտքի` Ռուսաստանը ռազմական գործողություններ է նախապատրաստում Ղարաբաղում. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս Stratfor վերլուծական ընկերության փոխնախագահ Ռևա Գուժոնը հետաքրքիր հայտարարություն է արել ԼՂ հակամարտության առնչությամբ: Stratfor–ը համարվում է «ստվերային ԿՀՎ» այն իմաստով, որ հաճախ հանդես է գալիս, այսպես կոչված, ռազմավարական տեղեկատվության «արտահոսքերով» և ներկայացնում ամերիկյան պատկերացումներն այս կամ այն հարցի շուրջ:
Եվ այսպես: Ռևա Գուժոնը հայտարարել է. «Կովկասում, Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ռուսաստանը խաղում է և Հայաստանի, և Ադրբեջանի հետ, կան հետաքրքիր միտումներ: Այնտեղ դեռևս առկա է ռազմական էքսկալացիայի վտանգ: Կարծում եմ` Ռուսաստանի նպատակը հակամարտությունում և բանակցություններում իր դիրքերը ամրացնելն է: Հատկապես այն պատճառով, որ Թուրքիան զբաղված է Սիրիայում իր գերակայություններով: Իրանը նույնպես զբաղված է իր գործերով: Ուստի Ռուսաստանը տարածք ունի` ընդլայնելու իր ներկայությունը Կովկասում»:
Ըստ Գուժոնի` ռազմական գործողությունները Ռուսաստանին անհրաժեշտ են «մեռյալ կետից շարժելու պատժամիջոցներին, Ուկրաինային ու բոլոր նման մեծ խնդիրներին առնչվող իրավիճակը»: «Ռուսաստանը կգնա նման քայլի, որպեսզի գրավի Արևմուտքի ուշադրությունը»,– ասել է նա:
Նրա կարծիքով` Ռուսաստանը նման քայլի չի գնա ՆԱՏՕ–ի տարածքում, օրինակ, Բալթյան երկրներում, ռազմական գործողությունների թատերաբեմ կարող են լինել Բալկաններն ու Ղարաբաղը:
Գուժոնի այս հայտարարության համապատկերի վրա ուշագրավ է Եվրոպայում ԱՄՆ–ի միացյալ զինված ուժերի հրամանատար գեներալ Կերտիս Սկապարոտիի հայտարարությունը: Ինչպես հաղորդել է Եվրոպայում ԱՄՆ–ի միացյալ զինված ուժերի կայքը` մի քանի օր առաջ Սենատի կոմիտեի լսումների ժամանակ ամերիկացի գեներալը նշել է, որ Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակը աշխարհում, մասնավորապես, Ղարաբաղում: Ամերիկացի հրամանատարը համարում է, որ Ռուսաստանը խոչընդոտում է հակամարտությունների կարգավորմանը հետխորհրդային տարածությունում: «Մոսկվան, զինելով և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, ապակայունացնող դեր է խաղում ղարաբաղյան հակամարտությունում: Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, որը պետք է օգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանը շարունակում է ռազմաբազա պահել Հայաստանի տարածքում»,– հայտարարել է գեներալը:
Նրա խոսքով` Ուկրաինան և Վրաստանը ևս գտնվում են Մոսկվայի կողմից ագրեսիվ գործողությունների սպառնալիքի ներքո: Բացի այդ, «Ռուսաստանը լարվածություն է առաջացնում` Բալկաններում եվրոպական և ատլանտյան ինտեգրումը դանդաղեցնելու համար»,–հավելել է գեներալը: Իսկ գերմանական Frankfurter Allgemeine Zeitung–ի կարծիքով էլ` այս պահին իր աշխարհաքաղաքական նշանակությամբ «Կովկասը բարձրացել է Բալկանների մակարդակի»:
Պատահական չէ նաև բրիտանացի վերլուծաբան Թոմաս դե Վաալի գնահատականը, որ «շատերն սպասում են այս տարվա գարնանը ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության մեծացմանը, քանի որ 2016 թ. ապրիլյան բախումներից հետո կարգավորման գործընթացում քաղաքական առաջընթաց չի գրանցվել ու չկան փաստեր, որոնք կվկայեն, որ դիվանագիտությունը հասել է որևէ նպատակի: Ադրբեջանում այդ հիասթափությունն ավելի խորն է, քանի որ վերջին տարում ԼՂ հակամարտության շուրջ քաղաքական որևէ առաջընթաց չի արձանագրվել»:
Փակագծում նշենք, որ երեկ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Հոգլանդը հայտարարել է, որ առաջիկայում ԱԳ նախարարները նախապատրաստելու են նախագահների հանդիպում: Եթե հանդիպումը կայանա, առաջինը կլինի Սանկտ Պետերբուրգից հետո: Ինչևէ:
Վերջին շրջանում արևմտյան, նաև ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Ռուսաստանն Աբխազիա է տեղափոխել С–300 զենիթա–հրթիռային համակարգեր: Իսկ մի քանի օր առաջ էլ ադրբեջանական haqqin.az–ը գրել էր, որ Վրաստանի տարածքով ռուսական պետհամարանիշներով մեքենաները Հայաստան են տեղափոխել ռազմական տեխնիկա: Այս տեղեկությունները հերքել էին թե ռուսական, թե վրացական կողմերը:
Արևմուտքը տեղեկատվական ծուղա՞կ է լարում Ռուսաստանի դեմ, թե խնդիրն այլ է, կպարզվի առաջիկայում: Միայն թե հուսանք, որ դրա վկան չի լինի Ադրբեջանի նոր ագրեսիան Ղարաբաղի դեմ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: