Գեղարքունիքի մարզի 155 ընտրատեղամասերից տեսանկարահանող սարքավորումներ կունենան 108 տեղամասերը
Общество Գեղարքունիքի մարզի 155 ընտրատեղամասերից տեսանկարահանող սարքավորումներ կգործեն 108 տեղամասերում, իսկ գրանցող սարքավորումներ կունենան բոլոր ընտրատեղամասերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թիվ 8 ընտրատարածքի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, «Յուքոմ» ընկերության կողմից տեսանկարահանող սարքավորումներն արդեն տեղադրվել են ընտրատեղամասերում: Թիվ 19 տարածքի 37 տեղամասերից տեսանկարահանող սարքավորումներ տեղադրվել են 32-ում, թիվ 20 տարածքի 62 տեղամասերից ՝ 27-ում եւ թիվ 21 տարածքի 56 տեղամասերից՝ 49-ում:
«Թիվ 19 տարածքային ընտրական հանձնաժողովը ստացել է ընտրատարածքի բոլոր ընտրատեղամասերի համար նախատեսված բոլոր տեխնիկական սարքավորումները եւ քվեարկության համար անհրաժեշտ այլ պարագաները, որոնք քվեարկության նախորդ օրը, ԿԸՀ կողմից սահմանված կարգի համաձայն, կտրամադրվեն տեղամասային ընտրական հանձնաժողովներին եւ համապատասխան սպասարկող մասնագետներին՝ հետագա օգտագործման նպատակով: Տեսանկարահանող սարքավորումներ չեն տեղադրվի Չկալովկա, Հայրավանք, Նորաշեն, Բերդկունք, Ծաղկաշեն համայքներում, որտեղ ընտրողների համեմատաբար քիչ քանակութ յուն կա»,-նշեց թիվ 19 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ալբերտ Աղեկյանը: Թիվ 20 եւ 21 ՏԸՀ նախագահները եւս հաստատեցին, որ տեսանկարահանող սարքավորումներ չեն տեղակայվելու այն համայնքների ընտրատեղամասերում, որտեղ առկա է ընտրողների փոքր քանակություն՝ մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուրի հասնող: Իսկ այն ընտրատեղամասերը, որտեղ քվեարկելու են 800-ից ավել ընտրողներ, կունենան 2-3 գրանցող սարքեր:
Խոսրով Խլղաթյան