Իրանի քաղաքացուն կախված են գտել. նախնական տվյալներով նա ինքնասպան է եղել. քրգործ է հարուցվել
ОбществоՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԻԻՀ քաղաքացու մահվան դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017թ. մարտի 29-ին՝ ժամը 14:55-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Երեւանի Այգեձոր փողոցի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կախված վիճակում։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը նշված տանը բնակվել է վարձակալական հիմունքներով եւ հանդիսանում է ԻԻՀ քաղաքացի։ Նախնական տվյալներով՝ նա ինքնասպանություն է գործել 2017թ. մարտի 29-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում՝ վարձակալած բնակարանի հյուրասենյակի դռան աջ հատվածում առկա փայտյա ճաղավանդակի վերեւի տախտակից պարանով կախվելու միջոցով:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ԻԻՀ քաղաքացու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: