Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչը Տոկիոյում մասնակցել է Միջազգային երաժշտագիտական ընկերության համաժողովին
КультураՏոկիոյում մարտի 19-23-ը կայացել է Միջազգային երաժշտագիտական ընկերության համաժողովը։ Հինգ տարին մեկ անգամ տեղի ունեցող այս համաժողովը երաժշտագիտության բնագավառի ամենամեծ համաշխարհային իրադարձությունն է, որի ընթացքում կայանում են զանազան գիտաժողովներ՝ ամենատարբեր թեմաներով։ Նախորդ համաժողովները տեղի են ունեցել Հռոմում (2012 թ․), Ցյուրիխում (2007 թ․) և այլն։ Միջազգային երաժշտագիտական ընկերության ադմինիստրատիվ կենտրոնը գտնվում է Շվեյցարիայում, սակայն նրանում ընդգրկված են աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող երաժշտագետներ։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանը Տոկիոյում կայացած համաժողովին մարտի 21-ին կայացած Theory at Work: Scales, Intervals and Rhythmic Patterns («Տեսությունը գործում․ հնչյունաշարեր, ինտերվալներ և ռիթմական նմուշներ») նիստի ընթացքում ներկայացել է Armenian Epic Songs: Theory Conforming to Practice («Հայկական էպոսի երգերը․ տեսություն և պրակտիկա») թեմայով զեկուցումով։
Դասախոսության ընթացքում նա ներկայացրել է հայոց «Սասնա ծռեր» էպոսի երգվող հատվածները, դրանց հարաբերակցությունը Կոմիտաս Վարդապետի՝ հայ երաժշտության հնչյունաշարերի տեսության հետ, այնուհետև անդրադարձել համակարգչային նորագույն ծրագրերով՝ Humdrum-ով իրականացված՝ էպոսի երգերի վերլուծության արդյունքներն ու այդ արդյունքների համապատասխանությունը Կոմիտասի տեսությանը։ Humdrum ծրագրով էպոսի երգերի վերլուծությունը կատարվել է Ավստրիայի Գրացի համալսարանի Սիստեմատիկ երաժշտագիտության կենտրոնում՝ միջազգային աշխատանքային խմբով․ Տաթևիկ Շախկուլյան (երաժշտագետ, Հայաստան), Ռիչարդ Փառնքութ (Ավստրալիա) և Էրիկա Բիզեզի (Իտալիա)։
Մարտի 22-ին Տաթևիկ Շախկուլյանը Ճապոնիայի Կոմիտասի երաժշտության միության հրավերով (միության ղեկավար՝ Տակահիրո Ակիբա) դասախոսություն է կարդացել Ճապոնիայի հայկական դեսպանատանը՝ ճապոնացիներից բաղկացած լսարանի համար։ Դասախոսությունը վերաբերում էր Կոմիտասին ու հայ երաժշտական մշակույթին։ Վերջում լսարանը սովորել է երգել Կոմիտասի «Չինար ես» և «Հոլ արա, եզո» երգերը։