Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է հղել Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին
ОбществоՄայր Աթոռ Ս. Էջմիածնում մարտի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում մասնավորապես քննության են առնվել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունում Պատրիարքական տեղապահի ընտրությունների առնչությամբ տեղ գտած վերջին զարգացումները:
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադարձ կատարելով ստեղծված իրավիճակին, ժողովականներին տեղեկացրել է նաև Պատրիարքության Եկեղեցական համագումար ժողովի ատենապետ Տ. Եղիշե վարդապետ Ուչքունյանի և ատենադպիր Տ. Տրդատ քահանա Ուզունյանի կողմից մարտի 24-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածին առաքված գրության մասին, որով Ամենայն Հայոց Հայրապետին պաշտոնապես տեղեկացվել է մարտի 15-ին Պատրիարքարանում տեղի ունեցած ժողովի արդյունքում Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի` Պատրիարքական տեղապահի պաշտոնում ընտրվելու վերաբերյալ:
Քննարկումների ավարտին Նորին Սրբությունը ծանուցել է Պատրիարքական տեղապահի ընտրությունն օրհնելու վերաբերյալ կայացված որոշման մասին, ինչը ողջունվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամների կողմից: Նույն օրը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Եկեղեցական համագումար ժողովի դիվանին:
«Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին, հոգևոր ողջ դասին և պոլսահայ հավատավոր մեր բոլոր զավակներին: Մեր հորդորն ենք բերում ձեզ` խոհեմությամբ ու սիրո ոգով հաղթահարել առկա խնդիրներն ու խոչընդոտները և եկեղեցական կարգաց ու կանոնաց համաձայն գտնել բարվոք լուծումներ Պատրիարքական ընտրությունը իրականացնելու՝ ի նպաստ պոլսահայության կյանքում խաղաղության ու համերաշխության վերահաստատման», - պատգամել է Վեհափառ Հայրապետը` Ամենողորմ Տիրոջ զորակցությունն ու հովանին հայցել ով Կ. Պոլսո Աթոռի ուխտապահ եկեղեցականաց հոգևոր իրենց ծառայության մեջ: