Ավելացել են Հայաստանի առևտրաշրջանառության, արտահանման և ներմուծման ծավալները
ЭкономикаՀայաստանից 2017 թվականի հունվար-փետրվարին արտահանման ծավալը կազմել է 273 մլն 696,5 հազար ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2016 թվականի նույն ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել էր 227 մլն 976,7 հազար դոլար: Այս տարվա հունվար-փետրվարին արտահանման ծավալը նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ ավելացել է 20,1 տ ոկոսով:
2017 թվականի հունվար-փետրվարին 23,5 տոկոսով ավելացել է դեպի Հայաստան ներմուծման ծավալը` այս տարվա հունվար-փետրվարին կազմելով 487 մլն 292,5 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2016-ի հունվար-փետրվարին` 394 մլն 582,7 հազար դոլար:
Առևտրաշրջանառությունը 2017 թվականի հունվար-փետրվարին կազմել է 760 մլն 989,1 հազար ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 22,2 տոկոսով: 2016-ի հունվար-փետրվարին այն կազմել էր 622 մլն 559,4 հազար դոլար: