Հ. Պետրոսյան. «Բիզնես դաշտում վատ է ընդունվում շրջանառության հարկի շեմը իջեցնելը». «Փաստ»
Экономика«Փաստ» օրաթերթը գրում է.
Բիզնես միջավայրի բարելավման մասին հնչող հայտարարություններին հընթացս կառավարությունը որոշ փոփոխություններ է կատարում, որոնցից գործարարները դժգոհ են:
Եվրոպական բիզնես ասոցիացիան երեկ «Հարկային բարեփոխումների իրազեկում և նոր հարկային օրենսգրքի հիմնական խոչընդոտները» թեմայով քննարկում էր կազմակերպել, որին մասնակցել են ինչպես կառավարության ու ՊԵԿ–ի, այնպես էլ Հայաստանի բիզնես միջավայրի ներկայացուցիչները:
Այդ քննարկման ժամանակ էլ գործարար դաշտի ներկայացուցիչները իրենց դժգոհությունն են արտահայտել առ այն, որ 2019–ից նախատեսվում է կրկին իջեցնել Շրջանառության հարկի շեմը: Նշենք, որ մոտ 2 տարի առաջ շրջանառության հարկի շեմը գործարար դաշտի պայքարի ադյունքում 58,35 մլն դրամի փոխարեն սահմանվեց 115 մլն դրամ: Սրանով կառավարությունը փարատեց այն մտահոգությունները, որ փաստաթղթավորման պահանջի կատարման դեպքում կարող են լինել տնտեսվարողներ, որոնց իրական շրջանառությունը կգերազանցի 58,35 մլն դրամը և նրանք կհայտնվեն ԱԱՀ դաշտում:
Այժմ կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ փոփոխությունը բացասական է ազդում բյուջեի եկամուտների հավաքագրման վրա և այն դրական ազդեցություն չի ունեցել, քանի որ շրջանառությունների հայտարարագրման իրական աճ տեղի չի ունեցել: «Բիզնես դաշտում բավական վատ է ընդունվում Շրջանառության հարկի դրույքը իջեցնելը, և բիզնես դաշտը ևս մեկ անգամ հարց բարձրացրեց, որ իրենք կողմ չեն դրան, սակայն կառավարությունն ու ՊԵԿ–ը անդրդվելի են»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Հայաստանի հաշվապահների և աուդիտորների միության նախագահ Հովհաննես Պետրոսյանը՝ հավելելով, որ ՊԵԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք դրսի փորձն են ուսումնասիրել՝ հայտարարելով, որ իրականում շրջանառության հարկի շեմը պետք է 40 մլն լիներ, ինչպես առաջարկվել է հարկային օրենսգրքի առաջին ընթերցման ժամանակ, սակայն բողոքներից խուսափելով՝ կառավարությունն այն 58,35 է դարձրել:
Գոծարարների հետ քննակվել է նաև եկամտային հարկի խնդիրը, քանի որ Հարկային նոր օրենսգրքով եկամտային հարկի դրույքաչափերը որոշակի բարձրացվել են: «Մինչև 280 հազար դրամ եկամուտ ստացող անձանց մասով եկամտային հարկը նվազել է: Դրույքաչափի բարձրացումը ազդեցություն կունենա այն անձանց վրա, որոնք 280 հազարից ավելի շատ եկամուտ են ունենում: Նրանց համար բացասական կլինի»,– ասաց Պետրսյանը: Ըստ նրա՝ գործարարներն արձանագրել են, որ նվազեցումը 280 հազար դրամից ավելի եկամուտ ստացողների հաշվին է արել կառավարությունը ու դժգոհություն հայտնել, սակայն կառավարությունն անդրդվելի է: «Ըստ հարկայինի՝ այն անձինք, ում վրա դրական ազդեցություն է թողնում փոփոխությունը, մոտ 90% են, իսկ մնացած 10%–ն է, որոնցից ավելի շատ հարկ կհարկվի»,– ասաց Պետրոսյանը:
Չնայած այս ամենին՝ Հաշվապահների և աուդիտորների միության նախագահ Հովհաննես Պետրոսյանը մեկ քայլ առաջ է համարում հարկային նոր օրենսգիրքը նախորդ օրենսդրության համեմատ: Ըստ Պետրոսյանի՝ դրական է կառավարության վերջին որոշումը, որով որոշակի սարքավորումների հումքի նյութի ԱԱՀ գանձումը սահմանի վրա հանվում է. «Շատ լավ որոշում է»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: