Վստահված անձանց վրա զինված հարձակում գործածը «Մանախն» է. նա ձերբալկալվել է (ֆոտո)
ОбществоՄարտի 31-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ հայտնել, որ Սվաճյան եւ Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել եւ գողացել են դրոշները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 1-ին, ժամը 1-ին, 25-ամյա Հայկ Սարգսյանը հաղորդում է տվել, որ մարտի 31-ին, ժամը 22.50-ին, Անդրանիկի եւ Սվաճյան փողոցների խաչմերուկի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաեւ հանել է ատրճանակը եւ ուղղել իր վրա, սակայն վնասազերծվել է 23-ամյա Գառնիկ Վ.-ի կողմից:
Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Կատարվել են անհետաձգելի մի շարք միջոցառումներ եւ կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը՝ 40-ամյա Արթուր Այվազյանը:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Արթուր Ա.-ն ձերբակալված է:
Ատրճանակը ոստիկանություն է ներկայացվել Ն. Փաշինյանի կողմից:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:
Նշենք, որ Արթուր Այվազյանը (մականունը՝ «Մանախ») նախկինում դատապարտվել է 14 տարվա ազատազրկման «Հոկտեմբերի 27»-ի գործով կարեւորագույն վկաներից մեկի՝ Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու համար: Նա մեկ տարի առաջ է ազատ արձակվել: Սամվել Առաքելյանը սպանվել էր 2001-ի հոկտեմբերի 14-ին, նրա դիակը հայտնաբերվել էր Երեւանի Հաղթանակ կամրջի տակ:
