Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում աղոթք է արվել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի համար
ОбществоՊոլսո Հայոց պատրիարքարանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում ընտրված պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի համար բարիգալստյան արարողություն է կազմակերպվել:
Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը` հայտնելով, որ արարողությանը Բեքչյանից և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանից բացի ոչ մի հոգևորական չի մասնակցել:
Նախքան արարողության մեկնարկը` եկեղեցու դռները փակվել են, իսկ պատրիարքարանից հայտնել են, որ արարողության համար թույլտվություն չկա: Բեքչյանի և Մաշալյանի գալուց հետո միայն եկեղեցու դռները կրկին բացվել են:
Արարողությանը մասնակցել է շուրջ 50 մարդ: Եկեղեցում աղոթք է արվել Բեքչյանի համար, ինչից հետո պատրիարքական տեղապահ ընտրված Բեքչյանը ելույթ է ունեցել` նշելով, որ «հետագա քայլերը պետք է հանգիստ անել»:
Ավելի ուշ ակնկալվում է կազմակերպել հանդիպում, որին մասնակցելու են Բեքչյանը, Մաշալյանը, պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ինչպես նաև համայնքային հիմնադրամների ներկայացուցիչներ:
Բեքչյանը Ստամբուլ է վերադարձել ապրիլի 2-ին: Չնայած պատրիարքարանում նախապատրաստություն էր արվել ընդունելու Բեքչյանին, սակայն Նորին Սրբազանությունը նախընտրել է չգնալ ու չիջևանել այնտեղ: Տեղապահը հայտնել է, որ մեծ ակնկալիքներ ունի Աթեշյանի հետ հանդիպումից: