Արագածոտնում պարտված Արագած Ախոյանը «մեկ քայլ առաջ է» գնահատում ընտրությունները. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Թիվ 7 ընտրատարածքն ընդգրկող Արագածոտնի մարզում ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ–ից առավել շատ ձայներ է ստացել Արագածոտնի ՀՀԿ կառույցի ղեկավար և նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայր Նաիրի Սահակյանը՝ 14166 ձայն, 7349 ձայնով երկրորդ տեղում է Ռոլանդ Հայրապետյանը: Նախնական տվյալներով՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակից ամենաքիչ ձայներ է ստացել նախկին ԲՀԿ–ական պատգամավոր Արագած Ախոյանը՝ 2443 ձայն: Բազմասեր Առաքելյանը ստացել է 4495 ձայն: «Ծառուկյան» դաշինքից Լյովա Խաչատրյանը ստացել է 5325 ձայն, իսկ Խաչիկ Մանուկյանը` 5686 ձայն:
«Փաստը» մի քանի հարց ուղղեց Արագած Ախոյանին:
– Պարոն Ախոյան, անցած ընտրությունները ինչպե՞ս եք գնահատում:
– Կարծում եմ, որ այս ընտրությունները մի քայլ առաջ են, որովհետև ես ավելի վատ էի պատկերացնում: Պատկերացնում էի, որ մարդիկ կշփոթեն, կամ չեն կարողանա էս նոր ընտրակարգով քվեարկել, բայց կարծում եմ, որ ընտրությունները մեկ քալ առաջ էին, և է՛լ ավելի մեր երկրի վարկանիշը միջազգային կառույցներում կբարձրանա: Ղազախստանից դիտորդներն ասացին, որ կարելի է նույնիսկ ներմուծել էս ընտրակարգը Ղազախստան:
– Ասել է թե՝ Դուք ընդունո՞ւմ եք, որ Ձեր ձայներն ընդամենը մոտ 2500 են, իրական ձայներն այդքան են Արագածոտնի մարզում:
– Ես արդեն քաղաքականության մեջ բավական հմտություն ունեմ, ո՞նց եք պատկերացնում, կարո՞ղ եմ ասել՝ չէ, չեմ ընդունում: Բնականաբար, ամեն մարդ հոգու խորքում կունենա բազմաթիվ ինչուների պատասխաններ, բազմաթիվ կասկածներ, բայց դրա մասին բարձրաձայն խոսելը նույնիսկ ճիշտ չեմ համարում: Համենայնդեպս, կան հարցեր, որոնք դեռ ճշտման կարիք ունեն, որ գոնե ներքին համոզմունքս բերեմ էն մակարդակի, որ երբեք չմտածեմ, որ ինչ–որ մի բան էն չի եղել: Ճիշտ է, ես անկուսակցական եմ, բայց գոյություն ունի կուսակցություն, որը կորոշի, թե ինչ է լինելու, ոնց ենք անելու: Դրա մասին կխոսենք հաջորդ կիրակի: Շատ բարդ ընտրակարգ էր, անհասկանալի ինչ–որ տեղ, կորոշի թիմը:
– Իսկ ի՞նչն էր պատճառը, որ նման պատկեր եղավ, Ձեր ընտրողները Ձեզնից հիասթափվե՞լ են:
– Ոչ մի նման հիասթափություն չկա, ուղղակի աննախադեպ էր այն առումով, որ 63 թեկնածու ունեինք մարզից: Առաջ մրցակցությունը 1–2 հոգու մեջ էր, իսկ հիմա 63–ի, և ձայների առումով ոչինչ տեղի չի ունեցել, նույն քանակն է պահպանվել, ուղղակի կուսակցության ներսում այն տեղաբաշխվել է որոշակի մարդկանց վրա: Հիմա քանի որ 7 հոգի ենք, տեղաբաշխվել է, բայց ձայների քանակը չի փոխվել: Թե ով ինչքան, այդտեղ արդեն հարցեր են առաջանում, թե ով ինչ հնարավորություններ է ունեցել, ով ինչ մեթոդների է դիմել:
– Եթե այնուամենայնիվ չդառնաք պատգամավոր, ի՞նչ եք պատրաստվում անել, բիզնեսո՞վ եք զբաղվելու:
– Դե ամեն ինչ էլ կա, փառք Աստծո: Կնկարեմ, ես նկարում եմ, չէ՞:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: