Հայաստանում օղու և գարեջրի արտադրությունը նվազել է, մնացած ալկոհոլային խմիչքներինը` ավելացել
ЭкономикаՀայաստանում 2017 թվականի հունվար-փետրվարին արտադրվել է 4 մլն 500,1 հազար լիտր կոնյակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2016 թվականի հունվար-փետրվարին կոնյակի արտադրությունը կազմել էր 1 մլն 992,9 հազար լիտր: Այս տարվա հունվար-փետրվարին դրա արտադրությունը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը շուրջ 2,3 անգամ:
Հայաստանում վիսկիի արտադրությունը հունվար-փետրվարին կազմել է 276,7 հազար լիտր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 208,9 հազար լիտր: Վիսկիի արտադրություն այս տարի ավելացել է 32,5 տոկոսով:
Գինու արտադրությունն ավելացել է 35,5 տոկոսով: 2017 թվականի հունվար-փետրվարին այն կազմել է 918,8 հազար լիտր, իսկ 2016-ի հունվար-փետրվարին` 678,8 հազար լիտր: Շամպայն գինու արտադրությունն այս տարվա հունվար-փետրվարին կազմել է 44,6 հազար լիտր, իսկ 2016-ի հունվար-փետրվարին` 25,4 հազար լիտր:
Միևնույն ժամանակ գարեջրի արտադրությունը նվազել է 6,8 տոկոսով` այս տարվա հունվար-փետրվարին կազմելով 1 մլն 325,3 հազար լիտր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 1 մլն 421,6 հազար:
Օղու և օղու-լիկյորի արտադրությունն այս տարվա հունվար-փետրվարին կազմել է 613,9 հազար լիտր, իսկ նախորդ տարվա հունվար-փետրվարին` 1 մլն 312,8 հազար լիտր: Այս տարի այն նվազել է 53,2 տոկոսով: