Թուրքիա–Իրան–Արևմուտք` ո՞ր կողմ է փչում քամին. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Առաջիկա մեկ–երկու ամսում բավականին ուշագրավ իրադարձություններ են սպասվում մեր տարածաշրջանի երկու երկրներում` Թուրքիայում և Իրանում: Ապրիլի 16–ին Թուրքիայում կայանալու է սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, որի արդյունքում այդ երկիրը կդառնա գերնախագահական: Նախագահն իրավունք կստանա պաշտոնից հեռացնել նախարարներին, արձակել խորհրդարանը, հայտարարել արտակարգ դրություն, թեկնածուներ նշանակել առանցքային պաշտոնների համար, այդ թվում` դատական ատյաններում: Իսկ մեկ ամիս անց` մայիսի 19–ին, Իրանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Իհարկե, դրանք չեն հավակնում դառնալ պատմական: Բայց այս երկու իրադարձությունների արդյունքները կարող են շատ բանով պայմանավորել տարածաշրջանում առաջիկա զարգացումների միտումներն ու հեռանկարները:
Գաղտնիք չէ, որ Էրդողանը ձգտում է ստեղծել խալիֆայություն, և Թուրքիան դարձնել ամբողջ աշխարհի սուննի մահմեդականների քաղաքական ու հոգևոր կենտրոնը: Թուրքիայի ու Արևմուտքի լարված հարաբերությունները վկայությունն են նաև այն բանի, որ Արևմուտքն այնքան էլ ոգևորված չէ Էրդողանի այս հեռահար ծրագրերով: Այժմ նրան մեղադրում են ավտորիտարիզմի, ազատ խոսքն ու դատական անկախ համակարգը վերացնելու մեջ: Այս առումով երկիրը բացահայտորեն դուրս է գալիս եվրոպական հարացույցից: Եվրոպացի շատ գործիչներ արդեն հայտարարել են, որ Էրդողանի գործողությունները Թուրքիան հեռացնում են ԵՄ մտնելու հնարավորությունից: Թեև թուրքերն էլ, իրենց անդավաճան մնալով, հայտարարել են, թե ԵՄ–ն Թուրքիային պետք չէ:
Գանք Իրանին: Գործող նախագահ Ռոհանին, ով առաջադրվել է երկրորդ ժամկետի համար, արևմտյան լրատվական–քաղաքական դաշտում ընկալվում է որպես առավել ազատական գործիչ, ով դեմ չէ Արևմուտքի և ԱՄՆ–ի հետ հարաբերությունների վերականգնմանը: Չմոռանանք, որ հենց Ռոհանիի կառավարման տարիներին են վերացվել Իրանի ատոմային ծրագրերին վերաբերող պատժամիջոցները, ինչի արդյունքում տարբեր երկրների հետ տնտեսական համագործակցության հնարավորություններ են բացվել:
Այսպիսով, հետաքրքիր պատկեր է ստացվում` Թուրքիայի նախագահը հեռանում է Արևմուտքից, իսկ Իրանի նախագահ Ռոհանին փորձում է մերձենալ նրա հետ: Մյուս կողմից՝ երկու երկրներն էլ Արևմուտքի կողմից ճնշումների են ենթարկվում:
Թե Թուրքիայում հանրաքվեի ինչպիսի արդյունքներ կգրանցվեն և դրանց դեպքում ինչ զարգացումներ կլինեն, դժվար է ասել: Շատ փորձագետներ կարծում են, որ հանրաքվեի տապալման դեպքում երկիրը կարող է մտնել անկայունության, նույնիսկ քաոսի փուլ: Այդ երկրի սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ հանրաքվեն կունենա դրական արդյունք, բայց ոչ այն չափով, որն ակնկալում է երկրի նախագահը: Այդ դեպքում նույնպես քաղաքական անկայունությունը չի բացառվում: Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ «ապստամբության ալիքը» կարող է հասնել Թուրքիա: Այդ երկիրը կարող է պայթեցվել ներսից մի կողմից, մյուս կողմից էլ` Արևմուտքը կարող է սահմանափակել ներդրումները, կրճատել ռազմատեխնիկական համագործակցությունը: Օրերս հայտնի դարձավ, որ վերջին 5 ամսում Գերմանիան 11 անգամ մերժել է զենք վաճառել Թուրքիային: Իսկ երեկ գերմանական Welt am Sonntag թերթը մեջբերել էր ՆԱՏՕ–ի ավագ դիվանագետներից մեկի խոսքն այն մասին, որ երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո բանակում կատարված զտումները թուլացրել են Թուրքիայի զինված ուժերի մարտունակությունը:
Իրանում էլ հանգիստ չէ: Ռոհանիի դեմ սկսվել է խաղարկվել «պահպանողական խաղաքարտը», ինչն ուղեկցվում է ԱՄՆ–ի կողմից հակաիրանական հռետորաբանությամբ: Հիմնական թեզը հետևյալն է` արևմտամետ քաղաքականությունը վնասում է երկրի ազգային շահերին:
Միով բանիվ, առաջիկա 1–2 ամսում ականատես կլինենք հետաքրքիր զարգացումների, որոնք, հուսանք, տարածաշրջանը զերծ կպահեն տուրբուլենտության գոտու վերածվելուց:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: