Հայաստանում ընդլայնվող տեքստիլ ընկերությունը պետական աջակցություն կստանա
ЭкономикаՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության նիստին հանձնարարել էր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին նպաստել Լոռու մարզում տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացմանը՝ հաշվի առնելով այնտեղ առկա ներուժը։
Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հետամուտ լինելով ՀՀ վարչապետի հանձնարարականին՝ նախարար Սուրեն Կարայանը ապրիլի 5-ին հանդիպել է «Գլորիա» ընկերության տնօրենի հետ՝ քննարկելու ընկերության զարգացման ծրագրերը։ Կարի ֆաբրիկայի տնօրենը նախարարին ներկայացրել է այս տարի իրականացվող նոր ներդրումային ծրագիրը, որի արդյունքում մինչև 2017-ի ավարտը 600 աշխատատեղ կստեղծվի։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է․ «Ձեր ընդլայնման ծրագրերին, նոր աշխատատեղերի ստեղծմանը աջակցելու նպատակով կտրամադրենք օժանդակություն։ Լիահույս ենք, որ այս ներդրումային ծրագրով մենք որոշ չափով կլուծենք մարզում զբաղվածության խնդիրը, հատկապես կանանց շրջանում»։
Նախարարը Բագրատիոն Դարբինյանի հետ քննարկել է պետական աջակցության գործիքակազմից ընկերությանը տրվելիք աջակցության հստակ սահմանաչափը և ձևաչափը։ Ներդրումային ծրագրի մեկնարկը կտրվի առաջիկա օրերին։
Սուրեն Կարայանը հետաքրքրվել է նաև ընկերության արտադրանքի ծավալներից և տեղեկացել, որ 2016 թվականին ընկերությունն արտադրել է 2.1 մլրդ դրամի արտադրանք, ինչն ամբողջությամբ արտահանվել է՝ գրանացելով 9,6% արտադրանքի և արտահանման ծավալների աճ։