Սերբ նկարչուհու աշխատանքները մեկ շաբաթ կներկայացվեն հայ արվեստասերին
КультураՆկարչուհի Միրյանա Տոմաշևիչը ազգությամբ սերբ երրորդ նկարչուհին է, ով իր անհատական ցուցահանդեսով կներկայանա հայ արվեստասերի դատին: Նկարչուհու գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսը բացվեց ապրիլի 6-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Տոմաշևիչը ցուցահանդեսով Հայաստանում է Սերբիայի պատվավոր հյուպատոս, բանաստեղծ և թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանի նախաձեռնությամբ:
«Անցյալ տարի, երբ ես ստեղծագործական նպատակներով գնացել էի Սերբիա, ծանոթացա նկարչուհու հետ: Նրա աշխատանքները տեսա և ասացի, որ շատ հետաքրքիր են, և մենք կարող ենք հետաքրքիր ցուցահանդես բացել Հայաստանում: Նրա ոգևորությունն անցավ նաև ինձ: Երկու-երեք ամիս ցուցահանդեսին պատրաստվելուց հետո այսօր այն ներկայացնում ենք ձեզ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բաբկեն Սիմոնյանը:
Օտարերկրացի արվեստասերին արդեն հայտնի սերբ նկարչուհին, չնայած առաջին անգամ է Հայաստանում, բայց հասցրել է ծանոթանալ հայկական մշակույթին և սիրել այն:
«Ինձ համար շատ կարևոր է բացել այս ցուցահանդեսը Հայաստանում: Ինչու Հայաստանն ընտրեցի, որովհետև գիտեմ, որ այն քաղաքակրթության երկիր է, ինչն ինձ համար շատ կարևոր է: Կարծում եմ` դեռ էլի առիթներ կլինեն Հայաստան գալու»,- ասաց Միրյանա Տոմաշևիչը:
Նկարչուհին, ով երեք օր է, ինչ գտնվում է Հայաստանում, արդեն հասցրել է լինել Գառնիում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և նախատեսում է այցելել ևս մի քանի պատմամշակութային վայրեր: Խոսելով Հայաստանից ստացած իր տպավորությունների մասին՝ նկարչուհին ասաց` այն, ինչ հասցրել է տեսնել այստեղ, ստեղծագործության նյութ է դառնալու իր համար:
Ցուցահանդեսը հյուրընկալող Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց. «Իմ օրոք սերբ երկրորդ նկարչուհու ցուցահանդեսն է այստեղ տեղի ունենում: Կարծում եմ` Միրյանայի նկարներում տարածությունն է և հավանաբար իր ժողովրդի կորուստը: Սերբ և հայ ժողովուրդները նման են հիմնականում իրենց տանուլ տվածով: Մենք ժողովուրդներ ենք, որոնք ունեն նույն պատմությունը, նույն մշակույթը և նույն թշնամին: Ուրեմն մենք պետք է ավելի լավ ճանաչենք իրար»:
Միրյանա Տոմաշևիչը գրաֆիկայի Բելգրադյան դպրոցի դասախոս է և դպրոցի պրոֆեսոր Բոժիդար Ջմերկովիչի սան: Ցուցահանդեսը կազմակերպվել է Սերբիայի Հանրապետության հյուպատոսության նախաձեռնությամբ: Արվեստասերները նկարչուհու աշխատանքներին կարող են ծանոթանալ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում ապրիլի 6-12-ը:
Լիանա Անդրեյան
Մարիամ Բաբայան