ԿԲ խորհուրդը Դիլիջանում արտագնա նիստ է գումարել
Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում հոկտեմբերի 21-ին կայացած արտագնա խորհրդի նիստը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստում հաստատվել է «Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները, գնային չարաշահմ ան դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները և բացառություն կազմող դեպքերն ու գործողությունները» կանոնակարգ 4/17-ը, գրանցվել են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները:
Խորհուրդը «Յունիբանկ» ՓԲԸ-ին «ԻՆՏԵԼ ԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել: Վերաձևակերպվել է «ՍԵՅՎՐ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե145 լիցենզիան: Ուժը կորցրած է ճանաչվել «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊԸ-ի ապահովագրական գործունեության ԱՊՈ թիվ 0002 (0043) լիցենզիան՝ «Օդանավերի ապահովագրության» և «Օդանավերի (նաև՝ բեռնափոխադրվող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության» դասերով. ընկերության լիցենզիան վերաձևակերպվել է: «ԱՎՏՈ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին և «ԿՐԵԴԻՏ ԱԼԻԱՆՍ» ՍՊԸ-ին գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաներ են տրամադրվել: