Նորածնի մահվան դեպքով քրգործ է հարուցվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Общество«Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոն»-ում ապրիլի 3-ին նորածնի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ ապրիլի 4-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ ծննդատան բժշկուհու կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով իր որդին մահացել է ծնվելուց երկու օր անց:
Նախնական տվյալներով՝ համապատասխան ուղեգրով կինն ապրիլի 1-ին տեղափոխվել է ծննդատուն, որտեղ պետք է իրականացվեր կեսարյան վիրահատություն։ Ապրիլի 2-ին կինը ծննդաբերել է տղա երեխա, իսկ ապրիլի 4-ին բժիշկները հայտնել են, որ երեխան մահացել է առողջական խնդիրների պատճառով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ երեխայի հայրն ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ փոքրիկը մահացել է բժշկուհի Գայանե անփութության պատճառով: Մինչդեռ կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը հայտնել էր, որ մահացած նորածնի լեյկոցիտների քանակը եղել է 50 հազար, ինչը ներանգանդային ինֆեկցիայի հետեւանք կարող է լինել:
«Երեխան ծնվել է անհաս, հաջորդ օրն արդեն վիճակը ավելի է վատացել. ունեցել է շնչարգելություն, հեւոց, կապտություն, եւ պարզվել է, որ լեյկոցիտների քանակը 50 հազար է, նորման 5 հազար է, սա կարող է ծանր ներարգանդային ինֆեկցիայի հետեւանք լինել»,- ասել էր նա: