Սփյուռքի ու կրթության և գիտության նախարարները համատեղ հրաման են ստորագրել
ОбществоՀՀ սփյուռքի նախարարությունում ապրիլի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ստորագրել են համատեղ հրաման՝ Սփյուռքի կրթական խնդիրների լուծմանն աջակցելու վերաբերյալ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումը համակարգելու նպատակով գործելու է համակարգող հանձնաժողով:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Ի կատարումն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի՝ մենք կազմեցինք և ստորագրեցինք Սփյուռքի կրթական խնդիրների լուծմանն աջակցության համատեղ միջոցառումների ծրագիրը հաստատելու և համակարգող հանձնաժողով ստեղծելու մասին այս համատեղ հրամանը, որը մեզ հնարավորություն կտա առավել արդյունավետ համատեղ ծրագրեր իրականացնել»:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կարևորեց նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությունը՝ նշելով. «Այս հրամանը ենթադրում է հստակ գործողությունների ծրագիր, և այսպիսի ձևաչափով ավելի լավ կհամակարգվեն աշխատանքները»:
Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Կրթության և գիտության նախարարին՝ համագործակցելու պատրաստակամության համար և հավելեց, որ 2017թ. սեպտեմբերին տեղի կունենա Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որտեղ կքննարկվեն նաև Սփյուռքում մայրենիի պահպանությանը վերաբերող խնդիրներ:
«Այստեղ ևս Սփյուռքի և Կրթության և գիտության նախարարությունները կարող են աջակցել միմյանց՝ լավագույն մասնագետներին հրավիրելու, թեմաները ճշգրիտ ընտրելու և բազմաթիվ այլ հարցերում»,- նշեց Սփյուռքի նախարարը: