Շնորհակալության «սիրտ ու հավեսը»
АналитикаԱզգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի հերթական չկայացած նիստի ժամանակ շնորհակալություն է հայտնել այն գործընկեր պատգամավորներին, ովքեր ընտրությունների արդյունքում լքել են իրենց մանդատը: Սա նորմալ է և գնահատելի քաղաքավարություն: Սակայն ավելի հետաքրքիր է, թե արդյոք նույն կերպով շնորհակալություն կհայտնեն Շարմազանովի այն կուսակից պատգամավորները, որոնք չընդգրկվեցին ԱԺ-ում, օրինակ` Առաքել Մովսիսյանը, Վարդան Այվազյանը, Հակոբ Հակոբյանը և այլն: Ամենայն հավանականությամբ նրանք շնորհակալությունների «սիրտ չունեն», քանի որ անգամ չեն օգտվում Ազգային ժողովին հրաժեշտ տալու իրենց հնարավորությունից և չեն գալիս նիստերին:
Ավելին, հայաստանյան ամբողջ մամուլը հեղեղված է հանրապետականների կողմից ընտրակաշառքները հետ պահանջելու լուրերով: Բնականաբար, նման պայմաններում հսկայական գումարներ ծախսած պատգամավորության թեկնածուները, որոնցից շատերը ռեյտինգային ընտրակարգի նրբությունների պատճառով այդպես էլ չհայտնվեցին ԱԺ-ում, դժվար թե կարողանան շնորհակալական խոսքեր հայտնել: Վերջիններս թերևս ժարգոնային լեզվով ասած իրենց «քցված են» զգում հարազատ կուսակցության կողմից, քանի որ նրանցից ոմանք, անգամ պատկառելի ձայներ ստանալով, այդպես էլ չկարողացան պատգամավորական մանդատ «վաստակել», իսկ միակ շահողը դուրս եկավ ՀՀԿ-ն:
Տիգրան Դավթյան