Եթե բնությունը բարեհոգի գտնվի հայ գյուղացու նկատմամբ, կունենանք ծիրանի կայուն բերք. Հրաչյա Բերբերյան
ОбществоԱյսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչյա Բերբերյանն ասաց, որ ձմռանը Հայաստանում ցրտահարություն է եղել հատկապես խաղողի այգեթաղ չարված այգիներում: Նրա խոսքով՝ ունեցել ենք նաեւ մինչեւ 30 տոկոս դեղձի եւ ծիրանի մատղաշ շիվերի ցրտահարություն, որոնք պետք է այս տարի բերք տային. «Ներկա վիճակում ծիրանենու հետ խնդիր չկա, ու եթե բնությունը բարեհոգի գտնվի հայ գյուղացու նկատմամբ, կունենանք ծիրանի կայուն բերք, իսկ խաղողի հետ կապված կունենանք միջակից ցածր բերք»,- ասաց Հ. Բերբերյանը` հավելելով. «Գյուղացին տեսնելով գործարանների հետ կապված իրավիճակը եւ գործարարների ունեցած պարտքերը՝ մի փոքր աչքաթող է արել խաղողագործությունը: Մի քանի տգետի սխալ մարքեթինգային աշխատանքի հետեւանքով, մենք այսօր այգիների պակաս ենք նկատում»:
Ինչպես իր խոսքում նշեց բանախոսը՝ Գյուղատնտեսության նախարարությունը ներկրել է 850 տոննա գարի, որը քիչ շահույթ բերող մշակաբույս է: «Հայաստանն այն սակավահող երկիրն է, որտեղ պետք է մշակվեն թանկարժեք մշակաբույսեր՝ լոլիկ, պղպեղ, կարտոֆիլ, սմբուկ, եւ մենք այդ հնարավորությունը ունենք. մեր գյուղացին չի մոռացել մշակաբուծությունը»,- ամփոփեց Հ. Բերբերյանը: