Ապրանքի արտադրության փուլում արտահանողները կստանան շրջանառու միջոցներ
ЭкономикаԱրտահանման խթանման գործիքակազմն ընդլայնելու նպատակով Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը մատուցում է «նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն», որի խնդիրն է ապրանքի արտադրության փուլում արտահանողների համար շրջանառու կապիտալի ֆինանսավորման հնարավորությունների ստեղծումը:
Այս մասին ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը:
Նրա խոսքով` արտահանողների մոտ պահանջված է նախաարտահանման ֆինանսավորման ծառայությունը, քանի որ շատ հաճախ արտահանողն ունի բավարար վարկունակություն ունեցող գնորդ, լավ արտահանման պայմանագիր, որակյալ ապրանք, բայց չունի բավական շրջանառու միջոցներ, որպեսզի կարողանա գնի հումք, նյութեր, պատրաստի ապրանք և իրականացնի արտահանում, իսկ առևտրային բանկերն է լ ինչ-ինչ պատճառներով մերժում են հետագա վարկավորումը` պատճառաբանելով գրավի բացակայությունը կամ վարկերով գերծանրաբեռնվածությունը:
«Հենց այդ պատճառով մեր կողմից առաջարկվեց նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն ծառայությունը: Այն հնարավորություն է տալիս արտահանողին դիմել առևտրային բանկ և ապրանքի արտահանման փուլում ստանալ շրջանառու միջոցներ` արտահանվող ապրանքի արժեքի մինչև 95 տոկոսի չափով»,- ասաց Աբգարյանը:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրենը նաև նշեց, որ 2015 թվականին իրենք աշխատում էին մեկ առևտրային բանկի հետ, իսկ ներկայումս համագործակցող բանկերի թիվը կազմում է 8-ը, իսկ ևս 3-ի հետ բանակցությունները գտնվում են ավարտական փուլում և նախատեսվում է համագործակցության հուշագրի ստորագրումը մոտ ժամանակներում: