Չեմպիոնների լիգա. խաղային հերթական օրը սպասվում են լարված ու հետաքրքիր հանդիպումներ
СпортՉեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ փուլի շրջանակում ապրիլի 12-ին կկայանան հերթական հանդիպումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 12-ին Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ ուժերը կչափի Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթեր Սիթի»-ի հետ:
«Ատլետիկո Մադրիդ»- «Լեսթեր Սիթի»
Դիմակայության ֆավորիտ է համարվում Մադրիդի «Ատլետիկո»-ն, որը Չեմպիոնների լիգայում հանդես գալու ավելի մեծ փորձ ունի, սակայն «Լեսթեր Սիթի»-ն, որն առաջին անգամ է ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին մասնակցելու հնարավորություն ստացել, մեկ անգամ չէ, որ անակնկալ է մատուցել մրցակիցներին և երկրպագուներին: «Լեսթեր Սիթի»-ն 1/8 եզրափակիչ փուլում պայքարից դուրս էր թողել իսպանական «Սևիլիա»-ին, որը համարվում էր դիմակայության ֆավորիտը: ¼ եզրափակիչ փուլում երկրպագուները կրկին ականատես կլինեն անգլո-իսպանական հերթական դիմ ակայությանը, որը խոստանում է շատ հետաքրքիր լինել: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:
Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ փուլի մյուս խաղում միմյանց դեմ կմրցեն համաշխարհային ֆուտբոլի երկու գրանդներ` Մյունխենի «Բավարիա»-ն և Մադրիդի «Ռեալ»-ը:
«Բավարիա»-«Ռեալ Մադրիդ»
Այս թիմերի հանդիպումները մշտապես անցնում են լարված ու անտարբեր չեն թողնում ոչ մի երկրպագուի: Երբ խաղադաշտում միմյանց դեմ պայքարում են «Բավարիա»-ն ու «Ռեալ»-ը, երկրպագուներին մնում է միայն հարմարավետ տեղավորվել և հաճույք ստանալ խաղից: Խաղադաշտում այս թիմերի մասնակցությամբ կարելի է տեսնել անզիջում պայքար, գեղեցիկ ու բարձրակարգ ֆուտբոլ: Առաջիկա խաղում ֆավորիտ է համարվում մյունխենյան ակումբը, որը հանդես է գալիս սեփական հարկի տակ, սակայն Մադրիդի «Ռեալ»-ը երբեք նվեր չէ ոչ մի թիմի, այդ թվում` «Բավարիա»-ի համար: Չեմպիոն ների լիգայի կիսաեզրափակիչ ուղեգրի համար առաջին խաղում միմյանց դեմ կպայքարեն երկու հզոր ակումբներ, որոնք նաև մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդների թվում են: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:
Ապրիլի 12-ին կկայանա նաև հետաձգված «Բորուսիա Դորտմունդ»-«Մոնակո» հանդիպումը:
«Բորուսիա Դորտմունդ»-«Մոնակո»
Այս խաղը պետք է կայանար ապրիլի 11-ին, սակայն խաղից «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունի պատճառով որոշում է կայացվել մեկ օրով հետաձգել խաղը: Պայթյունի հետևանքով վնասվածք էր ստացել «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Մարկ Բարտրան, որին անմիջապես տեղափոխել էին հիվանդանոց: Այս դիմակայությունում բացահայտ ֆավորիտը գերմանական ակումբն է, սակայն «Մոնակո»-ն վստահաբար արժանի մրցակից է «մեղուների» համար: «Մոնակո»-ն Ֆրանսիայի առաջնության առաջատարն է, Եվրոպայի ամենաարդյունավետ թիմերից մեկÕ ¨, որն ընթացիկ մրցաշրջանում հաճելիորեն զարմացնում է իր երկրպագուներին և ֆուտբոլային հանրությանը: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Մոնակո»-ն հերոսաբար կարողացավ պայքարից դուրս թողնել անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ին, ուստի ֆրանսիական ակումբը «Բորուսիա»-ի համար լուրջ խնդիրներ կստեղծի: Հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:45-ին:
Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ փուլում ապրիլի 11-ին մեկ հանդիպում արդեն կայացել է: Իտալիայի գործող չեմպիոն «Յուվենթուս»-ը սեփական հարկի տակ ոչ մի շանս չտվեց կատալոնական «Բարսելոնա»-ին և երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Հերթական անգամ կատալոնական ակումբը պետք է սեփական հարկի տակ կայանալիք պատասխան խաղում փորձի դուրս գալ ծանր իրավիճակից և ուրախացնի իր երկրպագուներին, ինչպես դա արեց 1/8 եզրափակիչ փուլում, երբ մրցակցի հարկի տակ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ին 4:0 հաշվով պարտվելուց հետո սեփական հարկի տակ կարողացավ 6:1 հաշվով առավելության հասնել և հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Յուվենթուս»-ն ավելի կարգապահ ու կազմակերպված թիմ է, «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների համար հեշտ չի լինի կրկնել հերոսությունը, սակայն ոչինչ բացառել չի կարելի` «Բարսելոնա»-ն շարունակում է մնալ աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկը: