Հարկային նոր օրենսգիրքը կնպաստի Հայաստանում հարկային համակարգի թափանցիկությանը. ԱՄՀ
ЭкономикаՀարկային օրենսգրքի ընդունումը վերջին տարիներին Հայաստանի նախաձեռնած և իրականացրած կարևորագույն բարեփոխումներից մեկն է: Ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեզը:
«Օրենսգրքի առավելությունն այն է, որ դա հստակ ազդակ է հաղորդում միջազգային հանրությանը, որ Հայաստանը կարող է բարեփոխված և ժամանակակից հարկ ային օրենսգիրք ունենալ: Սա միջազգային հանրության համար շատ կարևոր է: Հայաստանի համար անհրաժեշտություն էր Հարկային օրենսգրքի ընդունումը»,- ասաց նա:
Նա հիշեցրեց, որ մինչև Հարկային օրենսգրքի ընդունումը Հայաստանի հարկային օրենսդրությունը բաղկացած էր բազմաթիվ իրավական ակտերից, որոնք դժվար հասկանալի էին: «Այս ամենը շատ վատ էր կարգապահ հարկ վճարողների համար, իսկ ոչ կարգապահ հարկ վճարողների համար տարբեր զեղծարարությունների հնարավորություններ էր ստեղծում: Մենք կարծում ենք, որ, Հարկային օրենսգիրքն ընդունելով, Հայաստանը ճիշտ քայլի է գնացել:
Անհրաժեշտ էր որոշ հարկերի դրույքաչափերը բարձրացնել, իսկ որոշների դեպքում հարկման բազան բարձրացնել: Ամենաէական փոփոխություններից մեկը եղավ ակցիզային հարկի դրույքաչափերի ավելացումը, որոնք Հայաստանի պարագայում իսկապես շատ ցածր են տարածաշրջանի մյուս պետությունների համեմատ: Օրենսգրքով սահմանվել են հարկային վարչարարության արդիական մեթոդներ, որոնք Հայաստանի համար կարևոր էին»,- ասաց Թերեզա Դաբանը Սանչեզը:
Անդրադառնալով Հարկային օրենսգրքի շուրջ Հայաստանում առկա քննադատություններին` նա նշեց, որ դա արդյունք է այն հանգամանքի, որ ոչ բոլորն են ժամանակ տրամադրում, որպեսզի հասկանան, թե ինչ է իրենից ենթադրում Հարկային օրենսգիրքը:
«Ես կարծում եմ, որ գնահատականներ տալուց առաջ նախ պետք է կարդալ օրենսգիրքը: Ես քննադատություններին պատասխանել եմ, որ Հարկային օրենսգրքով որոշ հարկատեսակների ավելացումը խիստ չափավոր է. դա գրեթե 2 տոկոսի չափ է ու մի քանի տարվա կտրվածքով: Ընդ որում, այդ ավելացումը աստիճանական է, և հիմա ճիշտ ժամանակն է այդպիսի ճշգրտո ւմներ իրականացնելու համար:
Սակայն կարևոր է նաև հասկանալ, որ այդ գումարները գանձարանում չեն մնալու, այլ ծախսվելու են ծրագրերի վրա, որոնք կարևոր են Հայաստանի համար»,- ասաց նա` կարծիք հայտնելով, որ Հարկային օրենսգիրքը նպաստելու հարկային համակարգի թափանցիկության ապահովմանը:
Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեին Սամին ևս այն կարծիքին է, որ Հայաստանը ժամանակակից հարկային օրենսդրության անհրաժեշտություն ուներ: