Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրանի Հարկային հարցերով կազմակերպության նախագահի հետ
ЭкономикаԻրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը ապրիլի 12-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար և Հարկային հարցերով կազմակերպության նախագահ Սեյեդ Քամել Թաղավինեժադի հետ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով . «Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացման, առևտրի զարգացման և ներդրումների խթանման հարցեր: Նշվեց, որ գործարար շրջանակների կողմից առևտրային և ներդրումային գործունեության արդյունավետ իրականացման համար չափազանց կարևոր են իրազեկվածության աստիճանը, գործարար միջավայրի վիճակը և, մասնավորապես, հարկային օրենսդրության և վարչարարության հետ կապված հարցերը:
Կողմերը տեղեկատվություն փոխանակեցին երկու երկրների տնտեսությունների վիճակի, գործող օրենքների, փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ: